Երեքշաբթի, 18 Օգոստոս, 2026

6 ամսում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1545 դեպք է հայտնաբերվել

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1545 դեպք, ինչը 196-ով կամ 11,3%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ (1․741)։ Ընդ որում՝ 111-ով կամ 10,6%-ով նվազել են նաև իրացման դեպքերը (1051-940)։

Օգոստոսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։  

«Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավվել և շրջանառությունից դուրս է բերվել 320 կգ 576 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց (2025թ․ 6 ամիս՝ 301 կգ 40 գրամ), որից 17 կգ 486 գրամը՝ սինթետիկ ծագման (2025թ․ 6 ամիս՝ 31 կգ 48 գրամ)։ Ինչպես գիտեք, վերջին տարիներին թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը տարեցտարի աճի միտումներ են արձանագրում։ Միայն ընթացիկ տարում հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 266 դեպք, որոնցից 76-ը՝ թմրամիջոցներ իրացնելու, իսկ 190-ը՝ ձեռքբերման դեպքեր են»,- մանրամասնեց Ցուցուլյանը: