Երեքշաբթի, 18 Օգոստոս, 2026

Ադրբեջանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. Բաքուն դժգոհ է ռուսական ԶԼՄ-ների «սադրիչ, սպառնալից» հռետորաբանությունից

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։

Ըստ APA-ի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ  հանդիպման ընթացքում ռուսական կողմին տեղեկացվել է «ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունների և խիստ բողոքի մասին՝ կապված վերջերս ռուսական լրատվամիջոցներում և տեղեկատվական տարածքում Ադրբեջանի, ադրբեջանական ժողովրդի և երկրի ղեկավարության դեմ հնչած սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների հետ»։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանին, նրա ժողովրդին և Ադրբեջանի  ղեկավարությանը ուղղված հայտարարություններին, որոնք արվել էին 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ «Հասկացողության մաքրություն» նախագծի շրջանակներում հեռարձակված հաղորդման ժամանակ։

Բացի այդ, անդրադարձ է կատարվել օգոստոսի 7-ին «Սպուտնիկ» ռադիոյով արված անհեթեթ հայտարարություններին՝ Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում» ընդգրկելու մասին, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին Spas հեռուստաալիքով Ադրբեջանի ղեկավարության հասցեին վիրավորական բովանդակություն և սադրիչ հայտարարություններ պարունակող նյութերի հրապարակմանը։

Ընդգծվել է, որ անընդունելի են ադրբեջանական պետության ներքին քաղաքական գործընթացներին հնարավոր միջամտության վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերը։

Նշվել է, որ նմանատիպ հռետորաբանության շարունակումն ավելի կոշտ ձևով, չնայած ադրբեջանական կողմից նման գործունեությունը դադարեցնելու բազմիցս հնչած կոչերին և այս հարցի տարբեր քաղաքական մակարդակներում քննարկմանը, լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

Հանդիպման ընթացքում ռուսական կողմին կրկին տեղեկացվել է Ադրբեջանի ակնկալիքների մասին՝ կապված Ռուսաստանի տեղեկատվական և լրատվական տարածքում Ադրբեջանի հասցեին ուղղված սադրիչ, սպառնալից և բռնի հռետորաբանությունը դադարեցնելու համար անհապաղ և արդյունավետ միջոցառումների ձեռնարկման հետ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։