Կարող է լինել այն, որ Սյունիքը վերածվի Հորմուզի նեղուցի. Հակոբ Բադալյան

Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ Թրամփի ուղու հարցում չկա փոխըմբռնում Հայաստանի հետ։
Սա չափազանց լուրջ հայտարարություն է, որովհետեւ սա հայտարարություն է Իրանի զինված ուժերից, այլ ոչ թե քաղաքական ղեկավարությունից։ Իրանի զինված ուժերը ըստ էության հատուկ ռեժիմ սահմանեցին Հորմուզի նեղուցի համար։ Սա ցուցիչ է, դուր գա որեւէ մեկին, թե ոչ։
Եվ, երբ զինուժի հրամանատարի խորհրդականը հայտարարում է, թե՝ Պարսից ծոցում ԱՄՆ ներկայությանը դեմ լինելու պարագայում, ինչպես կարող են կողմ լինել Կովկասում ներկայությանը, դրան պետք է մոտենալ լրջորեն։
Իհարկե Հայաստանում կան «ինքնիշխանություն» խաղացողներ, որոնք սակայն իրականում ինքնիշխան քաղաքականության վերաբերյալ ունեն այնքան պատկերացումներ, որքան օրինակ տիեզերագնացության մասին։ Եվ որպես կանոն, նրանց այդ խաղի գինը վճարում է Հայաստանը, ու թանկ գին։
Նրանց այդ խաղի գինը կարող է լինել այն, որ Սյունիքը վերածվի Հորմուզի նեղուցի։ Ավելորդ է թերեւս ասել, թե դա ինչ է նշանակելու Հայաստանի համար, եթե իհարկե դրանից հետո առհասարակ իմաստ կունենա խոսել Հայաստանի մասին։
Ու, երբ այս ֆոնին մենք տեսնում ենք, թե ինչն են «հմտորեն» գերակա թեմա դարձնում հայաստանյան կյանքում, ըստ էության կարող ենք որոշակիորեն շոշափել տողատակն ու հասկանալ, թե որոնք կարող են լինել մոտիվները։ Կրկնեմ, մենք վաղուց այն վիճակում ենք՝ որպես հասարակություն, որ պարտավոր ենք ներսում կատարվողը գնահատել դրա խորքում եղած հնարավորի, այլ ոչ թե այսպես ասած՝ լեզվին եղած պատկերավորի մակարդակով։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Հիշեցնենք, որ այսօր Իրանի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին հայտարարել էր՝ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։
