Իշխանությունները հիմիկվանից ժողովրդին պատրաստում են զիջումների. մենք էլ պետք է անենք հակառակը. Սաղաթելյան

Այս իշխանության էության ու բնույթի մասին բոլոր գնահատականներն ու դիրքորոշումները շարունակում են մնալ ուժի մեջ, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա պնդեց՝ այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար։
«Հետևաբար, այս նոր խորհրդարանում այս իշխանության գոյության պայմաններում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլ դրանք օրեցօր ավելանում են, հետևաբար իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում»։
Իսկ ինչպե՞ս պետք է հասնել դրան։ Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝պետք է բոլոր ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներ ծավալել, և համախմբում լինի, ճանապարհային քարտեզ գծվի։
«Քննարկումներն այս փուլում կան։ Կոնկրետ մենք ունենք մեր պատկերացումները, բայց դրանք հրապարակայնացնելուց առաջ այդ օրակարգի շուրջ պետք է լինի համաձայնություն։
Ծանր խնդիրներ կան մեր առջև կանգնած, և այս իշխանությունները հիմիկվանից ժողովրդին պատրաստում են զիջումներ իրականացնելուն։ Մենք էլ պետք է անենք հակառակը»,- ասաց պատգամավորը։
