Այո՛, TRIPP-ի՝ «միջանցք», թե ճանապարհ լինելու հարցում «Հայաստան»-ի և «Ուժեղ Հայաստան»-ի միջև մոտեցումների տարբերություն կա. Սաղաթելյան

Այո՛, TRIPP-ի՝ «միջանցք», թե ճանապարհ լինելու հարցում «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների միջև մոտեցումների տարբերություն կա, որը դրսևորվել է նաև նախընտրական պլատֆորմում, և դա, կարծում եմ, նորմալ է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ակնհայտ է, որ սա պարզ և սովորական ճանապարհ չէ՝ ոնց որ Սևան-Երևան մայրուղին կամ հյուսիս-հարավը։ Սա մի ճանապարհ է, որտեղ ՀՀ ինքնիշխանությունն ունի սահմանափակումներ, մի ճանապարհ, որը պարզ ավտոմոբիլային ճանապարհ չէ, մի ճանապարհ է, որի բաժնետոմսերի մեծ մասը գտնվում է ԱՄՆ-ի ձեռքում։
Սա ՀՀ տարածքով արտոնյալ պայմաններով ճանապարհ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին միացնելու համար, հետևաբար այստեղ կա մոտեցումների տարբերություն։ ՀՅԴ-ն ասում է, որ այդ ճանապարհի կամ «միջանքի» օգուտը չենք տեսնում և ունենք մի շարք մտահոգություններ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
