Չկա հստակ երաշխիք, որ նույնիսկ Անկախության հռչակագրին հղում չպարունակող նոր Սահմանադրության դեպքում Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը. վերլուծաբան

Մի քանի օր առաջ Հայաստանում էր ամերիկյան բավականին շատ մեծ պատվիրակություն, և երբ Ուիթքոֆի հատուկ խորհրդականին հարցրեցին, թե արդյոք Վաշինգտոնում 2025-ի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունները 100 տոկոսով բացառում են ռազմական գործողությունների վերսկսումը և տալիս է 100% երաշխիքներ, որ տարածաշրջանում կլինի խաղաղություն առաջիկա տասնամյակների համար, նա հստակ նշեց, որ այս պահին, հաշվի առնելով նաև ինչպիսի հարափոփոխ աշխարհում ենք մենք, ոչ մի բան չի կարող երաշխավորել ոչ մի բան 100 տոկոսով։ «Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկման ժամանակ այսօր այս մասին ասաց APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
«Հետևաբար, առնվազն 2029-ի հունվարից հետո չեմ կարծում, որ կարելի է բացառել, օրինակի համար, Ադրբեջանի կողմից ռազմական շանտաժի կիրառումը։ Եվ տեսականորեն չի կարելի բացառել նաև Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքականությանը, այս պահի Բաքվի դիրքորոշումը հետևյալն է՝ անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ես առնվազն վստահ չեմ, որ Սահմանադրության փոփոխության պահանջը նախապայման է, այլ ոչ պատվրակ՝ սահմանադրության պայմանագիրը չստորագրելու, և չեմ կարծում, որ կան հստակ երաշխիքներ, որ նույնիսկ եթե մենք ունենանք նոր Սահմանադրություն, որը չի ունենա հղում Անկախության հռչակագրին, ապա Ադրբեջանը հաջորդ օրը կստորագրի խաղաղության պայմանագիրը և կբավարարվի, այլ հանդես չի գա նոր պահանջներով։
Հետևաբար Ադրբեջանի նպատակն է, առաջին հերթին ձգձգել խաղաղության պայմանագիր ստորագրումը, երկրորդ, օգտագործել խաղաղության պայմանագրի բացակայությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախելու համար, որտեղ նաև անընդհատ Ադրբեջանի ուղերձներ են փոխանցվում Թուրքիային, որ հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորում, ներառյալ ցամաքային սահմանի բացում և երկաթգծի գործարկում կարող է տեղի ունենալ բացառապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո։
Մենք այս ողջ գործընթացը կոչում ենք արատավոր շրջան, կարելի է ասել նոր եզրույթ ենք դրել շրջանառության մեջ։ Ի՞նչ նկատի ունենք ասելով՝ արատավոր շրջան, որ մի կողմից Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի չստորագրի խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։
Այս իրավիճակում մենք չենք կարող խոսել ինստիտուցիոնալիզացված խաղաղության մասին, քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված և վավերացված չէ»,–ասաց նա։
ԱՊՐԻ Արմենիայի փորձագետներից Սերգեյ Մելքոնյանն էր նկատեց, որ այլընտրանքներ գտնելու համար պետք է հասկանալ, թե որոնք են շահերը։
«2022–2023 թվականներին աշխարհում կար միայն մեկ պետությունը, որը պաշտոնապես հայտարարում էր, որ իր համար «Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ չտալը կարմիր գիծ է։ Բայց երբ տեղի ունեցավ 2023–ի հոկտեմբերի 7–ը, Համասի, հութիների ու «Հեզբոլլահի» դիրքերը թուլացան, որոշ շրջանակներում ստեղծվեց ընկալում, որ Իրանը արդեն այն ուժային կենտրոնը չէ տարածաշրջանում, հետևաբար դժվար կլինի իրեն դիտարկել որպես զսպման միջոց։
Մենք հիմա տեսնում ենք, որ Իրանը կարողացավ դիմադրել գերտերության և տարածաշրջանային տերության կողմից հարձակմանը և փաստացի հիմա Իրանն է օրակարգ թելադրում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում»,- ասաց նա։
