Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» կմասնակցի Ավստրիաում կայանալիք միջազգային փառատոնին

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք XVI International Christmas Choir Festival «Vienna Christmas Voices» միջազգային փառատոնին։ Այս մասին ասված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հրապարակման մեջ։

«Փառատոնը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը և կազմակերպվում է WOFA (World Festival Association)-ի կողմից՝ միջազգային մշակութային փառատոնների ոլորտում գործող հեղինակավոր կազմակերպության։

Այս հեղինակավոր միջազգային հարթակում Հայաստանը և հայկական ու արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացնեն «Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը» և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։

Այս մասնակցությունը մեր կազմակերպության մշակութային դիվանագիտության և միջազգային համագործակցության շարունակական աշխատանքի կարևոր դրսևորումներից է։
Մեր համոզմամբ՝ մշակույթը միայն անցյալի ժառանգություն չէ։ Այն ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության հզոր կամուրջ է։ Երբ քաղաքական, աշխարհագրական կամ լեզվական սահմանները բաժանում են մարդկանց, մշակույթը շարունակում է միավորել նրանց։

Հենց այս համոզմունքն է ընկած «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի միջազգային գործունեության հիմքում՝ պահպանել, հանրահռչակել և արժանապատվորեն ներկայացնել հայկական և արցախյան մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։

Դրա կարևոր դրսևորումներից էր կազմակերպության մասնակցությունը Իտալիայում անցկացված միջազգային ֆոլկլորային փառատոնին, որը կազմակերպվել էր CIOFF International-ի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Միջազգային այս փորձը ևս մեկ հնարավորություն էր հայկական մշակույթը և արցախյան մշակութային ժառանգությունը միջազգային հարթակում ներկայացնելու համար։
Նման միջազգային ծրագրերը հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել մեր մշակույթը, այլև ստեղծել նոր մասնագիտական կապեր, ընդլայնել միջազգային համագործակցությունը և մշակույթի միջոցով ձևավորել երկխոսության նոր հնարավորություններ։

Վերջին տարիներին մեր կազմակերպությունը պարբերաբար հրավերներ է ստանում տարբեր երկրներում անցկացվող միջազգային մշակութային ծրագրերի, փառատոների և համագործակցային նախաձեռնությունների մասնակցելու համար։ Սակայն մեր հնարավորությունները միշտ չէ, որ թույլ են տալիս արձագանքել ստացվող բոլոր հրավերներին։

Հետևաբար, միջազգային ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար կարևոր է մեր շուրջ համախմբել անհատների, կազմակերպությունների և գործընկերների, ովքեր հավատում են մշակույթի ուժին և դրա միջոցով Հայաստանի ու Արցախի մշակութային ժառանգությունը միջազգային մակարդակով ներկայացնելու կարևորությանը։

Մենք բաց ենք աջակցության և համագործակցության համար։

Պատրաստ ենք համագործակցել բոլոր այն անհատների, կազմակերպությունների և գործընկերների հետ, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայկական և արցախյան մշակութային ժառանգության պահպանման, միջազգային ներկայացման և մշակութային դիվանագիտության զարգացման գործում»,- ասված է հրապարակման մեջ։