Վարչապետը ոչ մեկի մահը չի ցանկացել, նա ընդամենը քաղաքական հարցադրում է արել Արթուր Օսիպյանին. ՔՊ պատգամավոր

Վարչապետը ոչ մեկի մահը չի ցանկացել, նա ընդամենը քաղաքական հարցադրում է արել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ինչո՞ւ դու չես մահացել» հարցը՝ ղարաբաղցի հասարակական գործիչ Արթուր Օսիպյանի հետ վիճաբանության ընթացքում։
Նա նշեց՝ Օսիպյանին համարում է քաղաքական գործիչ, իսկ տեղի ունեցածը՝ քաղաքական բանավեճ։
Ըստ պատգամավորի՝ վարչապետի խոսքերը «քաղաքական ձևակերպում» էին, ոչ թե անձնական հարձակում։ «Արթուր Օսիպյանը քաղաքական գործիչ է, և նրանց միջև տեղի է ունեցել քաղաքական քննարկում։ Հայաստանի վարչապետը որևէ համատեքստում չէր կարող մահ ցանկանալ և չի ցանկացել հայ մարդու», – ասաց Սոնա Ղազարյանը։
