Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

TRIPP-ը միջանցք չէ, Հայաստանը չի զիջել իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը. Ղազարյան

Լրացել է Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրի մեկ տարին, և մեր բոլոր քաղաքացիները կարող են զգալ, որ խաղաղություն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի շրջանակում Հայաստան են այցելել ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, և կրկնապատկվել է TRIPP նախագծի բյուջեն։

Սոնա Ղազարյանն ընդգծեց՝ TRIPP նախագիծը բոլորովին էլ «միջանցք» չէ՝ չնայած որոշ քաղաքական ուժեր վիճարկում են նախագծի՝ միջանցք լինել-չլինելու հարցը։

«Ես ուզում եմ վերահաստատել, որ այն, ինչ կա շրջանակային համաձայնագրում, չի ենթադրում միջանցք։ TRIPP-ը միջանցք չէ, Հայաստանի Հանրապետությունը չի զիջել իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը, և մենք կարողացել ենք հետ չկանգնել մեր կարմիր գծերից»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Մեկնաբանելով ապաշրջափակման ժամկետների և պայմանների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները՝ նա հավաստիացրել է, որ հարևան պետությունների հետ գործընթացները միմյանցից անկախ են, և չէին ցանկանա, որ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը կապված լիներ հայ-ադրբեջանական գործընթացների հետ։