Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Ինչ թեթեւությամբ է Փաշինյանն արժեզրկում ամեն ինչ. Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ ունենալով Հրազդանում ԱԲ տվյալների կենտրոնի բացմանը, որ իրականացվում է դե յուրե ամերիկյան, դե ֆակտո հայկական Ֆայրբրդ ընկերության եւ ՆՎԻԴԻԱ–ի գործակցությամբ, թույլ է տվել մի միտք, որը մեղմ պարագայում թյուրիմացություն է, իսկ այլ կերպ՝ մանիպուլյացիա եւ հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ԱԲ տվյալների կենտրոնի բացումը Հայաստան–Սփյուռք նոր որակի հարաբերության օրինակ է։ Ըստ նրա , 30 տարի քննարկվել է, թե ինչպիսին պետք է լինի այդ հարաբերությունը, եւ սա օրինակ է, որ այդ հարաբերությունը չպետք է լինի կարեկցանքի վրա, Հայաստանը չունի կարեկցանքի կարիք, այլ գործընկերության։

Հայաստան–Սփյուռք հարաբերությունը հիմնված չի եղել կարեկցանքի վրա։ Այն հիմնված է եղել հենց գործակցության տրամաբանության վրա, թե տնտեսական, թե դիվանագիտա–քաղցաքական, թե անգամ մշակութային։ Սփյուռքի խոշոր ներկայացուցիչները Հայաստանի հետ հարաբերվել են երկրում տարբեր զարգացման ծրագրեր իրականացնելու տրամաբանությամբ։

Քըրք Քըրքորյանն օրինակ Հայաստանին մեծ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ոչ թե կարեկցանքից, այլ պարզապես Հայաստանի հանդեպ ուշադրությունից ելնելով, ու ֆինանսական օգնություն է տրամադրել հենց զարգացման նպատակների համար՝ ճանապարհային ենթակառուցվածքներ, մշակութային օբյեկտներ, աղետի գոտու բնակարաններ։ Էդուարդո Էռնեկյանը, Ալեք Մանուկյանը, Վաչե Մանուկյանը, Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, ու բազմաթիվ այլ անուններ, տարիներ շարունակ Հայաստանի համար փող են ծախսել ոչ թե կարեկցանքից, այլ իրենց հայրենիք–պետության զգացումից ելնելով։

Այդ ամենը, այդ մարդկանց մտածումը, այդ մարդկանց պատկերացումը, պետության հանդեպ հոգատարությունը «որակել» պարզապես կարեկցանք՝ մեղմ ասած անընդունելի է։ Որովհետեւ այդ մարդիկ ոչ թե տվել են ու գնացել իրենց գործին, այլ գործ են արել, պայմանավորվել են, մշակել են ծրագրեր, կատարել են ներդրումներ։ Անթույլատրելի է զուտ քաղաքական–քարոզչական կոնյուկտուրայից ելնելով նսեմացնել այդ ամենն ու որակել զուտ «կարեկցանքից» բխած գործողություն եւ կարեկցանքի վրա եղած հարաբերությունը։

Իսկ հիմա, Հայաստան–Սփյուռք հարաբերություն պարզապես չկա։ Այն օրինակը, որ ներկայացնում է Փաշինյանը, պարզապես աշխարհաքաղաքականություն է, ու ինքն էլ խոստովանում է դա, ակնարկելով, որ այդ օրինակը օգոստոսի 8–ի «մաս» է, ընդ որում այնպիսի մաս, որ նույնիսկ ամերիկյան փող էլ չէ, այլ հայաստանյան բանկերի ֆինանսավորմամբ իրականացվող մի ծրագիր, որով գնվելու են ամերիկյան արտադրության չիպեր եւ համակարգիչներ, Հայաստանում ըստ էության ձեւավորելով ամերիկյան ԱԲ «բազա», ընդդեմ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական մրցակիցների։

Զարմանալի է պարզապես, թե Փաշինյանն ինչ թեթեւությամբ է արժեզրկում ամեն ինչ՝ ուղղակի, թե անուղղակի։

Հայաստան–Սփյուռք փոխհարաբերությունը միշտ եղել է օպտիմալ ռեժիմի փնտրտուքի մեջ, բայց միեւնույն ժամանակ, այն երբեք էլ չի կարող գալ այսպես ասած՝ իդեալին։ Հայաստան–Սփյուռք փոխհարաբերությունը եղել է աշխատող օրգանիզմ, որն այո՝ ունեցել է շատ վրիպումներ ու բացթողումներ, բայց նաեւ բավականին շոշափելի արդյունք, ու միաժամանակ՝ ահռելի չօգտագործված ներուժ։

Ներկայումս, այդ փոխհարաբերությունը պարզապես ենթարկեցվում է բացառապես իշխանական ներքաղաքական կոնյուկտուրայի։ Ու հենց դրա շրջանակում էլ թեթեւությամբ արժեզրկվում է մինչ այժմ եղածը, հանգեցնելով ընդամենը իբրւ թե զուտ կարեկցանքի։ Այն դեպքում, երբ թե խոշոր բարերարների ու ներդրողների, թե միջին տրամաչափի սփյուռքահայ գործիչների համար այդ հարցը եղել է շատ ավելի պետական հարց, քան Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն են պետության մասին, կամ պետության մասին այն պատկերացումներն են, որ նրա առաջնորդած թիմը ստացել է արեւմտյան «ժողովրդավարական ձեռնարկներով»։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան