Մարդիկ արդեն կրախի եզրին են, վարկերը չեն կարողանում փակել. պատգամավոր

Չեմ կարող ասել՝ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի արգելքը տնտեսական է, թե քաղաքական, բայց Նիկոլ Փաշինյանը, փաստելով, որ մեր ձկնամթերքն ունի որակ, շատ վատ վիճակի մեջ դրեց մեր ձկնարտադրողներին, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։
«Հարցն այն չէ՝ տնտեսական է, թե քաղաքական. հարցն այն է, որ գյուղատնտեսական տնտեսությունները, ջերմատնային տնտեսությունները կանգնած են լուրջ վտանգի առջև, և այդ հարցը պետք է քաղաքական ճանապարհով լուծվի։ Բայց դա հեշտ լուծվող հարց չի լինելու, բայց մենք պետք է գնանք այդ դժվարություններին։ Քաղաքական գործողություններ են պետք։ Պետք է հասկանալ այն հավասարակշռության կետը, որի շնորհիվ չեն տուժեն տուժի մեր ֆերմերային ընկերություններն ու ՀՀ տնտեսությունը։
Մարդիկ արդեն կրախի եզրին են, շատ վատ վիճակի մեջ են, վարկերը չեն կարողանում փակել»,- ասաց նորընտիր պատգամավորը։
Հարցին՝ Եվրոպան ունի՞ հայկական գյուղմթերքի կարիքը, Հարություն Մնացականյանը պատասխանեց՝ եթե ունենար, ապա այդ կարիքը պետք է ստեղծվեր երկարատև, քրտնաջան աշխատանքով, ոչ թե անգործ նստելով, իրավիճակը կրիտիկական կետի հասցնելով և նոր միայն շուկայի դիվերսիֆիկացիայի մասին մտածելով։
Անդրադառնալով ծիրանի բերքին՝ Մնացականյանը հիշեցրեց, որ այս տարի բերքը քիչ է եղել, և պաշտոնապես արտահանվել է շուրջ 7600 տոննա ծիրան, մինչդեռ նախորդ տարի արտահանվել է մոտ 50 հազար տոննա։
Ինչ վերաբերում է խաղողի բերքին, ապա, ըստ պատգամավորի, պետությունն այս պահին պետք է կենտրոնանա տեխնիկական խաղողի խնդրի վրա, և պետք է արվի ամեն ինչ, որ այդ խաղողը մթերվի։
«Որովհետև արդեն վերահաս վտանգը զգացվում է։ Եթե գյուղացիներն այս տարի չկարողանան իրենց խաղողը հանձնել, մեծ հավանականություն կա, որ վաղն այդ այգիները կքանդեն։ Իսկ եթե քանդեցին, առնվազն 2-3 տարի այդ խաղողը չի արտադրվելու, չեմ խոսում 7 տարվա մասին»,- ասաց Մնացականյանը։
