ՔՊ-ում չեն քննարկել, թե ինչպես են քվեարկելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը

Ո՞վ է մանդատ գողացել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարց հնչեցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը գողացել է ԲՀԿ-ի մանդատները։
«Որևէ մեկը հրաժարվե՞լ է մանդատից։ Երկրորդը, երբ այդ ընտրատեղամասերում քվեարկության դեպքերը տեղի էին ունենում, ես այդ ժամանակ սոցցանցերում ասում էի՝ մի շահարկեք զինվորների ուշ քվեարկությունը։ Բայց մեր ընդդիմադիր գործընկերները ամեն մեկը 8 հատ ռիլ նկարեց, 90 հատ ստատուս գրեց, բոլորը պնդում էին, որ պետք է չեղարկվեն ընտրությունները, այսպես չի կարելի։ Չեղարկվեց այդ տեղամասերի քվեարկությունը, արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է բարեկիրթ լինելու ՔՊ-ի կողմից հնչող կոչերին, Վահագն Ալեքսանյանն ասաց, որ իրենք բարեկիրթ կլինեն այնքան, քանի դեռ դիմացի կողմից այլ առաջարկ պահանջ չի եղել։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՔՊ-ում արդեն քննարկե՞լ են, թե ինչպես են քվեարկելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Ի պատասխան՝ նա նշեց՝ հարցը չեն քննարկել։
Ալեքսանյանը միաժամանակ հավելեց. «Նա, իմ կարծիքով, մեր ամենահավատարիմ ընտրողներից մեկն է»։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը՝ «Ուժեղ Հայաստանը», որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Արամ Վարդևանյանի թեկնածությունը։
