Ղարաբաղի հարցը շարունակում է մնալ միջազգային քաղաքական օրակարգում. Արմեն Սարգսյան

Մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Արմեն Սարգսյանը նշել է, որ այն ունի քաղաքական ենթատեքստ և, ներկա աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում առկա որոշ լարվածության պայմաններում, Մարիա Զախարովան պարզապես քաղաքական հարթակ է նետել Ղարաբաղի հարցը՝ դրանով իսկ ցույց տալով, որ Ղարաբաղի հարցը Ռուսաստանը կարող է ցանկացած պահի բարձրացնել, և կարող է նաև լռել։
Դա առանձնապես Ադրբեջանի համար մեսիջ էր և ցույց է տալիս, որ Մոսկվան կարող է ցանկացած ժամանակ անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։
Սարգսյանը հիշեցրել է, որ Զախարովան հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ն չէր կարող ներգրավվել 2020 թվականի պատերազմին, քանի որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչել որպես իր տարածք, ոչ էլ որպես անկախ պետություն, և, հետևաբար, կազմակերպության միջամտության համար իրավական հիմքեր չկային։
Նրա գնահատմամբ՝ Զախարովան խուսափել է 2020 թվականի պատերազմից հետո ռուսական խաղաղապահ ուժերի հարցի քննարկումից և փորձել է հարցը դիտարկել միայն ՀԱՊԿ-ի տեսանկյունից, սակայն չի հիշատակել նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացված բանակցային գործընթացը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացրած կարգավորման բոլոր հիմնարար առաջարկները, այդ թվում՝ 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները և դրանց հետագա տարբերակները, նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մեխանիզմ և վերջնական կարգավիճակի որոշում՝ իրավական կամարտահայտության միջոցով։
Արմեն Սարգսյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքին, որով Բաքուն շտապեց հայտարարել, թե «Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից, միշտ ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը «կուլ է տվել» Զախարովայի այդ հայտարարությունը և փորձել է անդրադառնալ Ղարաբաղի հարցին՝ դրանով իսկ կրկին ներկայացնելով իր, ինչպես միշտ, կեղծ թեզը Ղարաբաղի՝ Ադրբեջանին պատկանելու վերաբերյալ։
Սարգսյանի գնահատմամբ՝ Զախարովայի հայտարարությունն ու դրան հաջորդած Ադրբեջանի նյարդային և կոշտ արձագանքը ցույց են տալիս, որ Ղարաբաղի հարցը, հակառակ Բաքվի պնդումներին, շարունակում է մնալ միջազգային քաղաքական օրակարգի զգայուն թեմա՝ թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի համար։
Նրա խոսքով՝ հենց Ադրբեջանի անհապաղ հակազդեցությունը վկայում է, որ Բաքուն մտավախություն ունի, որ միջազգային ասպարեզում Արցախի և արցախահայության իրավունքների թեման շարունակում է մնալ օրակարգում, և այդ քննարկումն աստիճանաբար նոր թափ է ստանում։
