Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ադրբեջանը գրավում է Եվրոպան՝ «Երեւանը վերադարձնելու» թեզերով. Հակահայկական ձեռնարկ Պրահայի կենտրոնում. Օրեր

Մինչ պաշտոնական Երեւանը խաղաղության անվան տակ զիջումներ է կատարում Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն նոր հակահայ քարոզարշավ է սկսել Եվրոպայի կենտրոնում։ Հուլիսի 29-ին Պրահայի կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակում  ադրբեջանցիները թուրքերեն, անգլերեն եւ ռուսերեն  լեզուներով հակահայկական ելույթներ էին ունենում՝ ցուցադրելով 20-րդ դարասկզբի Արցախի եւ Երեւանի լուսանկարներ։

Ինչպես հաղորդում է ՕՐԵՐ-ի թղթակիցը, իրենց ելույթներում նրանք հայերին համարել են գնչուներ, որոնց ադրբեջանցիք ռուսների ճնշմամբ զիջել են իրենց հողերը, մասնավորապես՝ Երեւանը, ցուցադրել են դարասկզբի բաղնիքները, եւ նշել, որ հայերն իրենց ծառաներն էին եւ նման այլ ցնդաբանություններ։ Ընդ որում, լուսանկարներից մեկը վերցված է հայկական հրատարակությունից, քանի որ լուսանկարի տակ գրված է հայերեն բացատրությունը։

Թե ինչ նպատակ ունեն նման ձեռնարկները, դժվար չէ գուշակել։ Այդպես տարիներ շարունակ քարոզում էին նաեւ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ադրբեջանական լինելու մասին։ Հասնելով իրենց նպատակին, այժմ էլ հերթը Հայաստանինն է, ինչը չի թաքցնում նաեւ Ալիեւը։

Հայաստանի իշխանությունները, առնվազն ՀՀ արտգործնախարարությունը պետք է բողոքի նոտա ուղարկի ոչ միայն «խաղաղության տենչող» Ադրբեջանին, այլեւ եվրոպական բոլոր այն երկրների համապատասխան կառույցներին, քաղաքային իշխանություններին, որտեղ նման հակահայկական ձեռնարկներ են անցկացվում եւ տարածքային պահանջներ ներկայացնում՝ խեղաթյուրելով պատմությունը։ Ի վերջո, Բաքուն է իր հակահայ քայլերով խաթարում թվացյալ «խաղաղության գործընթացը»։ Փաստ է նաեւ, որ Ադրբեջանը օգտվում է Հայաստանի իշխանությունների լռության քաղաքականությունից, եւ ամեն կերպ օգտագործում է իր ապատեղեկատվական քարոզչական գործիքները։

Հետեւաբար, Հայաստանն իր հերթին պետք է նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպի աշխարհով մեկ, եւ ցույց տա, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացրել հայկական մշակույթը Նախիջեւանում եւ այժմ բռնակցված հայկական Արցախում, որ 100 տարի առաջ այդ տարածքներում Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել, եւ հետեւաբար հայերը չէին կարող յուրացնել մի բան, որ չկար։ Հասկանալի է նաեւ, որ Հեյդար Ալիեւ հիմնադրամը միայն Չեխիայով չի բավարարվի։ Այս գործընթացը հաստատապես կլինի շարունակական եւ  պետք է օր առաջ ամենատարբեր մակարդակներով ստանա արժանի հակահարված։ Վաղն արդեն շատ ուշ կլինի։

Հ.Ա.

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի հատուկ թղթակցի

orer.eu