Ջանես Նազարյանը արժանացավ չեմպիոնի կոչման

Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների եզրափակչում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության էր հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր հունգարացի Էրվին Ցուցորին, իսկ կիսաեզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 8:0 հաշվով պարտության էր մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կաստևին:
Ջանես Նազարյանը նաև Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության գործող չեմպիոնն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Սաբա Աբաշիձեի նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
