Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ չունի. Փաշինյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը ստացվեց, քանի որ երկար խոսեցինք։ Մի շարք հարցերի շուրջ եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցին։

«ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհի մասին և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ՝ չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, որ Հայաստանը այլընտրանքներ չունենա։

Հայաստանը միշտ և բոլոր հարցերում պետք է այլընտրանքներ ունենա, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով արտահանման խնդիրներին՝ Փաշինյանն ընդգծեց՝ դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է։

«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,- ասաց նա։

Փաշինյանը միաժամանակ հավելեց՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ չունի։