Կառավարությունը քննարկել է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Հանրային լսումը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։Հանրային լսմանը մասնակցել են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։
