Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Երեք օրում վաճառվել է մեծ պահանջարկ ունեցող 224 համարանիշ՝ ընդհանուր 234 միլիոն 400 հազար դրամով

ՀՀ քաղաքացիները պահանջարկ ունեցող պետհամարանիշների նոր չափորոշիչների վերաբերյալ կառավարության որոշման ընդունումից հետո երեք օրում 224 «գեղեցիկ» համարանիշի համար ընդհանուր առմամբ 234 միլիոն 400 հազար դրամ են վճարել։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ չափորոշիչները սահմանում է կառավարությունը, իսկ համարանիշների արժեքը՝ ՆԳ նախարարը։ Պաշտոնյան միաժամանակ հավելեց, որ խոսքն «առանձնահատուկ պահանջարկ ունեցող» համարանիշների մասին չէ․ դրանք, նախկինի նման, ձեռք են բերվում էլեկտրոնային աճուրդի ճանապարհով։

Անդրադառնալով համարանիշների գնային սեգմենտին՝ Ռուսլան Մարանդյանը տեղեկացրեց, որ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գինը տատանվում է 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի սահմաններում։

«Օրինակ՝ 00 +- (տառեր) XXY (թվեր), այն է՝ 00AB771 կոմբինացիան արժե 250 հազար դրամ, իսկ XX (թվեր) +- (տառեր) 000 կոմբինացիան՝ 600 հազար դրամ։ Թվարկված բոլոր համադրությունները 7 նիշ ունեցող պետհամարանիշերի համար են։

Ասուլիսին ներկա ՆԳՆ գրանցման և քննական ծառայությունների, թույլտվությունների ու լիցենզավորման բաժնի պետի տեղակալ Տիգրան Գևորգյանն էլ իր հերթին հայտնեց, որ նշված համարանիշները հնարավոր է ձեռք բերել մեքենայի հաշվառման ժամանակ, ընդ որում՝ մեքենայի վաճառքից հետո դրանք մոտ կես տարի կարող են մնալ սեփականատիրոջ մոտ, և նշված անձը կարող է այդ համարանիշով գրանցել նոր մեքենա կամ այն հանձնել իր հարազատին։ Սակայն այն դեպքում, եթե սահմանված ժամանակահատվածում համարանիշները չեն օգտագործվում, դրանք վերադարձվում են ընդհանուր բազա և կարող են վաճառվել։

Ըստ Տիգրան Գևորգյանի՝ 2024 թվականի փետրվարի 1-ից անցկացվող՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարների էլեկտրոնային աճուրդներից պետբյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ (օտարվել է 49 համարանիշ): Նոր չափորոշիչների հաստատումից հետո անցած երեք օրվա ընթացքում վաճառվել է մեծ պահանջարկ ունեցող 224 համարանիշ, և քաղաքացիները վճարել են 234 միլիոն 400 հազար դրամ: Ամենամեծ պահանջարկ ունեցել են 600 հազար դրամ արժողությամբ համարանիշերը։