Մեր քաղաքական ուժից մոտավորապես 700 մարդ է կալանավորվել ու ձերբակալվել, այդ թվում՝ տարեց կանայք. Մելոյան

Մեր քաղաքական ուժից մոտավորապես 700 մարդ է կալանավորվել ու ձերբակալվել, այդ թվում՝ նաև տարեց կանայք, որոնք ընդամենը եկել ու գրանցվել էին որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ։ Առավոտյան մտնում էին մարդանց տներ, բերման էին ենթարկում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։
Ըստ նրա՝ նման գործողություններն ունեցել են ահաբեկելու նպատակ, շատ դեպքերում մարդկանց տարել են բաժիններ, հարցաքննել ու բաց են թողել։ Բազմաթիվ դեպքերում անգամ փաստաբաններին թույլ չեն տվել մուտք գործել։
«Մի շարք դրվագներով մենք հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել. մարդու հիմնարար պաշտպանության իրավունքն էր խաթարվում։ Սա վաղուց չկիրառվող պրակտիկա էր, որ ընտրությունների նախօրեին վերակենդանացրեց իշխանությունը»,-ասաց Գոհար Մելոյանը։
Նա հատկանշական համարեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում, երբ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքները բազմամարդ են եղել, հաջորդ օրը իրավապահ մարմինները ներխուժել են գրասենյակ, մարդկանց ձերբակալել, բնակարաններում խուզարկություններ իրականացրել։
«Անգամ վախի մթնոլորտում մարդիկ ավելի մեծաքանակ էին դառնում»,-ասաց Մելոյանը՝ շեշտելով, որ իրավապահները հատուկ կերպով ազատությունից զրկել են վերապատրաստումներ անցած վստահված անձ անձանց։
