Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. ԿԸՀ կողմից հրապարակված նախնական արդյունքները չեն արտահայտում ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու կամքը. Գոհար Մելոյան

ԱԺ հերթական ընտրություններում հիմնարար սկզբունքները՝ հավասարությունը, արդարությունը, թափանցիկությունը, ընտրական իրավունքի գաղտնիությունն, էականորեն խախտվել են։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։
Նա շեշտեց՝ խախտումները եղել են ոչ միայն քվեարկության օրը, այլև բուն ընտրություններին նախորդող շրջանում, իսկ ահա իրենց՝ «Ուժեղ Հայաստան»-ի պարագայում լուրջ խախտումներ են տեղի ունեցել։

«Մենք փորձում էինք նախընտրական տրամաբանության մեջ մնալ ու չներկայացնել այն մեծածավալ ձերբակալություններն ու հետապնդումները, որոնք տեղի էին ունենում իմ գործընկերների, մեր համակիրների նկատմամբ։ Հիմա այդ ամենը լուսաբանելու ժամանակն է։ ԿԸՀ կողմից հրապարակված նախնական արդյունքներն ուղղակիորեն պայմանավորված են այս խախտումների ու միջամտությունների ծավալով և, ըստ էության, ամբողջովին չեն արտահայտում ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու կամքը։ Իսկ քաղաքացու կամարտահայտումն ապահովելը պետության հիմնական պարտականությունն է»,-ընդգծեց Գոհար Մելոյանը։

Բանախոսը հիշեցրեց՝  ըստ Սահմանադրությանն՝ ժողովուրդն է իշխանության աղբյուրը, և նման ծավալի միջամտություններն ու ապօրինությունները գալիս են սահմանադրական այս բացարձակ ճշմարտությանը հակասելու։