Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների, բռնությունների և ապօրինությունների պայմաններում։ Իշխանությունն իր վարչական ռեսուրսներով, հակաօրինական, հակապետական ճանապարհով խոչընդոտել է ընդդիմադիր ւոժերի գործունեությունը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Ապօրինությունների շարքին վերջ չկա։ Մեր համար ակնհայտ է, որ որոշ բաներ տեղի ունեցել են»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանն, իր իսկ բնորոշմամբ, մի քանի ձայն հավաքած և ամբողջ ընթացքում խանգարած ուժերին կոչ արեց մեծ-մեծ չխոսել և մանդատները չվերցնելու իրենց կարծիքն ընդդիմությունը չթելադրել։
«Շատերին գիտեմ՝ ովքեր են նախորդ հինգ տարիներին Նիկոլի մոտ աշխատել։ Առնվազն մեր մասով կարող եմ ասել, որ կռիվ ենք տվել բոլոր հնարավոր ճակատներով»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Իշխան Սաղաթելյանը միաժամանակ հավելեց՝ երկրի ներսում դիմադրություն կազմակերպելն անհրաժեշտություն է։
«Հիմա դա ի՞նչ ճանապարհով կլինի, ե՞րբ կլինի, ինչ ձևաչափով՝ ժամանակն ու ընթացքը ցույց կտան»,- անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի ակնարկած փողոցային պայքարի հնարավորությանը՝ ասաց նա։
Ամփոփելով՝ Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ ընտրություններից հետո անգամ բռնաճնշումները շարունակվում են։ Մասնավորապես, երեկ ևս տեղի են ունեցել խուզարկություններ և ձերբակալություններ։
«Էս մարդը չի հանգստանում։ Էս մարդու նպատակն է երկրում ցանկացած ընդդիմադիր միավորի ինչ-որ պատրվակով բռնել-դատել։ Էս ա սրա էությունը՝ արյուն, վրեժ, նստացնեմ, բռնեմ, ծեփեմ պատերին, ասֆալտին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։











