Մայիս ամսվա վերջին կիրակին հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին այցելության և կարմիր վարդեր խոնարհելու 112-րդ ավանդույթը 2026 թվականի մայիսի 31-ին մեկնարկեց տոնի նախաձեռնողներից մեկի՝ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան նախկին բնակարանից՝ հիշատակի քայլերթով:
Գեղեցիկ անակնկալ էր, երբ քայլերթը մեկնարկեց Թումանյանի տան պատշգամբից տեղացող վարդի տերևներով, իսկ դրսից տարածվեց Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի սաների երգը դասախոս Մուշեղ Հարությունյանի գլխավորությամբ: Աշուղական երգի կատարումներով քայլերթի մասնակիցները կարմիր վարդերով անցան քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ի նշան Սայաթ-Նովայի մեծության, անմահության և արդիականության: Քայլերթի կանգառ դարձավ Թումանյան փողոցի վրա գտնվող այն բակը, որի տան 5-րդ հարկում տեղի էին ունենում «Վերնատան» նիստերը: Կրկին հնչեցին Սայաթ Նովայի երգերը և քայլերթի մասնակիցներին միացավ մի վրացի տղամարդ, ով իր հարգանքը դրսևորեց հայերեն կատարելով «Ով, սիրուն, սիրուն» հանրահռչակ երգը: Քայլերթն ավարտվեց Սուրբ Գևորգ եկեղեցու բակում՝ Սայաթ-Նովայի շիրմաքարին կարմիր վարդեր խոնարհելով:
Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, առաջնորդանիստ եկեղեցու բակում, Մեծ գուսանի շիրիմի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ և կարմիր վարդեր խոնարհվեցին ժողովրդական անմահ երգչի շիրիմին:
Հոգեհանգստյան արարողությանը հաջորդեց տոնահանդեսը, որին ներկա էին Սայաթ Նովայի երգի ու երաժշտության մեծավարպետ կատարողներ, համույթներ ու մենակատարներ, որոնք ժամանել էին ՀՀ և Վրաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից: Վիրահայոց թեմը ներկայացրին «Հայարտուն» կենտրոնի ժողովրդական գործիքների խումբը գեղարվեստակճան ղեկավար Իվանե Մկրտչյանի և մենակատար Աիդա Բազոյան Սուրմալյանի, ինչպես նաև «Տարոն» ազգագրական պարի խումբը՝ պարուսույց Սուրեն Աբրամյանի գլխավորությամբ: Բազմամարդ էր հանդիսատեսը, որ եկել էր իր խոնարհումը բերելու Սայաթ-Նովայի երգ-երաժշտությանը, խոհա- փիլիսոփայական պոեզիային: «Վարդատոնը« դարձավ հիրավի ոչ միայն հայ-վրացական, այլև բոլոր ազգերի ու ժողովուրդների բարեկամության տոնահանդես:







