ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց դատախազության` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։
Նշենք, որ կուսակցության պատգամավորի թեկնածուն ունի անձեռնմխելիություն, ու դրանից զրկելու համար համաձայնություն պետք է տա հենց ԿԸՀ–ն։ Դատախազությունը մայիսի 22-ին է այդ հարցով միջնորդություն ներկայացրել։
ԿԸՀ–ն այս հարցը քննարկել է փակ նիստում, որը սկզբում նշանակվել էր ժամը 17։00-ին, ապա տեղափոխվեց ավելի շուտ` ժամը 14։30-ին։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։









