Վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյնաը։
«ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը մինչև այդ էլ գործակալ լինելու մեջ էր մեղադրում Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին։
Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին մեղադրել է փողերի լվացման և մանկապարտեզներում էլեկտրաէներգիայի հաշվիչները հետ տալու միջոցով միջոցներ հափշտակելու մեջ։ «Նա պետք է երկար ժամանակով բանտ գնա։ Մենք ժողովրդին ենք վերադարձրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը կոպեկներով սեփականաշնորհվել էր։
Եվ միայն հիմա պարզվեց, որ կալուգացի օլիգարխը հետ է տվել հաշվիչները և դրա վրա փող է աշխատել պետության հաշվին։ Եվ այդ մարդկանց ձայնը մենք պետք է կտրենք։ Եվ դրա համար կա կոնկրետ ամսաթիվ՝ հունիսի 7-ը»,- հավելել է Փաշինյանը։
Նա կրկնել է, որ պետությանն է «վերադարձվել» Կարապետ Գուլոյանի (խմբ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսայի) տունը, որը, նրա գնահատմամբ, արժե 2,5 միլիոն դոլար։
«Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները պատերազմի ժամանակ սահմանին ոչ մի կրակոց չեն արձակել, բայց տասնյակ կրակոցներ են արձակել Երևանում, Աբովյանում և Հայաստանի այլ բնակավայրերում։ Եվ հիմա քո ընտանիքի անդամը փախել է, որովհետև նա պետք է դատապարտվի Հայաստանում կրակոցների համար։ Ես ձեր կրակող ձեռքերը կտրել եմ և մինչև վերջ կտրելու եմ»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա ընդդիմությանը մեղադրել է լրտեսության մեջ՝ նրանց անվանելով սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ «Մենք այդ սպառնալիքը արագ կչեզոքացնենք»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա տեղի կունենա ժողովրդի աչքի առաջ և նրա մասնակցությամբ։
Աղբյուր՝ news.am









