Արաբկիրում Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է Արփինե Սողոսյանին՝ հորդորելով աշխատանքից ազատման դիմում գրել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Արփինե Սողոյանի դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ նշելով, որ որոշման առկայության դեպքում այն կվիճարկվի, մայրը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մտադրություն չունի։
Նշենք, որ այսօր քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հիստերիայի մեջ է ընկել՝ սպառնալով և ատելություն տարածելով ինչպես ընդդիմադիր գործիչների, այնպես էլ՝ արցախցիների նկատմամբ։ Փաշինյանը վիճաբանել է անվանի բժիշկ, պատերազմում բռնի անհետացած Հրանտ Պապիկյանի քրոջ՝ Արփինե Սողոյանի հետ, երբ կինը խոսում էր՝ հայրենիքի կորստի մասին։
Թե արդյոք հանցագործության մասին հաղորդում կներկայացվի՝ Տաևիկ Սողոյանը նշեց, որ չի ցանկանում ընկնել այն սխալ իրավաբանության գիրկը, որը տարածում է «նիկոլփաշինյանական» իրավապահ համակարգը՝ ատելության խոսքի կամայական մեկնաբանության դաշտում։ Հաղորդում գուցե ներկայացվի՝ ցույց տալու երկակի ստանդարտների իրական լինելը, բայց Սողոյանն ընդգծում է՝ այս ամենը հանրությունը թող դատի իր ընտրած ղեկավարի ունեցած կամ չունեցած ողջամտության սահմաններում, որքանով է համապատասխանում իրականությանը նրա հայտարարությունները, թե սիրում է բոլորին։
«Նա, շատ լավ իմանալով, որ իրականում արցախցի չենք, Արցախի արմատներ ունենք, բայց նա թիրախավորեց և մամուլում ներկայացրեցին՝ որպես Արցախցի կին, բայց մայրիկս էլ, անհետ կորած քեռիս էլ ծնունդով Երևանից են, պարզապես Արցախը համարում են իրենց հայրենիքի անբաժանելի մասը և իրենց ամբողջ կյանքը նվիրել են՝ ի բարօրություն Արցախի»,- ասաց Տաևիկ Սողոյանը՝ նշելով, որ պատահական չէր, որ դաշտ նետեց «արցախցի կին» եզրույթը՝ փորձելով ևս մեկ անգամ այդ բորբոքել այս ներազգային թշնամանքը, որտեղ հանցագործության տարրեր առկա են, գուցե հաղորդում ներկայացվի։









