Նիկոլ Փաշինյանը այսօր քարոզարշավի ընթացքում կրկին «հունից դուրս» է եկել եւ կոշտ ու կոպիտ, գրեթե հայհոյախառն արտահայտություններ արել ընդդիմության առաջատար ուժերի՝ Կարապետյանի, Քոչարյանի, Ծառուկյանի, նաեւ Սերժ Սարգսյանի հասցեին:
Այն, որ Փաշինյանը ձգտում է ստանալ «մեկ ճակատի» հանրային ընկալում, նորություն չէ: Բայց, Փաշինյանը շարունակում է հմտորեն անել ամենավտանգավորը, եւ ըստ իս՝ ամենաստորը. Նա հմտոորեն բորբոքում է ատելության եւ անհանդուրժողության նոր ալիք արցախցիների հանդեպ: Իհարկե, ուղիղ չի թիրախավորում, այդքան պատկերացում ունի: Նա արցախցիներին թիրախավորում է ընդդիմության առաջնորդների «միջոցով»՝ մասնավորապես նախկին նախագահներ Քոչարյանի ու Սարգսյանի հանգամանքն օգտագործելով:
Նա իբրեւ թե թիրախավորում է նրանց ու նրանց թիմակիցներին, բայց խոսում է «արցախյան ակցենտի» եւ այլնի շեշտադրումներով, հիանալի պատկերացնելով, թե այդ ամենը ինչ նստվածք է թողնում ընդհանուր առմամբ: Նիկոլ Փաշինյանը ձգտում է ստանալ ոչ միայն «նարկին-ներկա», այլ ամենավտանգավորը՝ «արցախցի»-«հայաստանցի» ընտրոություն: Ուղիղ չի ասում, բայց ձգտում է «հայաստանցիների» մոտ բորբոքել «արցախցիների» մարտահրավեր, ստանալ ընկալում, թե իբր արցախցիները կորցնելով Արցախը հիմա ուզում են «նվաճել» Հայաստանը:
Ինչու՞ է նա փորձում դա: Որովհետեւ պատկերացնում է, որ չի կարողանում հավաքել նույնիսկ կրիտիկական նվազագույնը՝ 35-40 տոկոս, որը փոշիացող ձայների շնորհիվ կտա 50+1-ի հեռանկար: Հետեւաբար, նա փորձում է «մոբիլիզացնել» այսպես ասած «հայաստանյան» էլեկտորատ՝ ընդդեմ «արցախյանի»:
«Արցախյան» չկա, բացարձակապես: Բայց նա հենց այդ առումով փորձում է ստանալ «արցախցիների» իբրեւ թե մարտահրավեր, որ դրա շուրջ այսպես ասած «փոխի ընտրության թեման» ու ստանա «հայաստանցիների» մոբիլիզացիա:
Ահա, թե ինչու եմ այդ հնարքը գնահատում ստոր: Եվ վերստին շեշտեմ, այս «ծուղակն» ընկնողը, որը կարող է տրվել Փաշինյանին առերեւույթ շշպռելու գայթակղության, միայն ու միայն օգնելու է նրա հաշվարկին: Կրկնեմ նաեւ, որ մոլորություն է կարծել, թե Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը: Նա սառնասրտորեն գիտակցում է իր խնդիրներն ու գնում դրանց լուծման հետեւից՝ նպատակն արդարացնում է միջոցը սկզբունքով:
Այստեղ նրան արձագանքը կարող է լինել միայն ու միայն ասիմետրիկ դաշտում:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









