Մի քանի կարևոր մեջբերում եմ ուզում անել երեկվա ելույթից, մեջբերումներն ուղիղ են․
- «Մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից և վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը»։
- «Ադրբեջանական ժողովուրդը ոչ մի վնաս չի պատճառել հայ ժողովրդին։ Մեր նկատմամբ նման ատելության պատճառները, թերևս, պետք է ուսումնասիրվեն հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից։ Քանի դեռ հայ հասարակության քաղաքական ուժերը շարունակում են ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելությամբ, մենք պետք է զգոն մնանք»։
- «Այս ամբողջ փառահեղ պատմությունը մեզ հետ կմնա հավերժ։ Բնականաբար, մեր սերունդը երբեք չի մոռանա այն, և երիտասարդ սերունդը պետք է իմանա այն՝ դպրոցներում, ընտանիքներում և ողջ հասարակության մեջ։ Այս փայլուն պատմությունը մեր հպարտության աղբյուրն է, և այն այդպես կմնա հավերժ»։
- «Այսօր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում, և մենք ենք այս խաղաղության հեղինակները։ Եթե մենք դա չցանկանայինք, խաղաղություն չէր լինի։ Եթե մենք ցանկանայինք, կարող էինք ռազմական գործողություններ իրականացնել ամենուր։ Հայաստանի ղեկավարությունը գիտի դա, և նրանց ետևում կանգնածները նույնպես գիտեն դա։ Անկախ նրանից, թե որքան աջակցություն են նրանք տրամադրում Հայաստանին, նրանք գիտեն, որ մեր ուժի դեմ ոչ մի շանս չունեն. նրանք անօգնական են»։
- «Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ Հայաստանի քաղաքական ոլորտում դեռևս կան շրջանակներ, որոնք առաջնորդվում են ադրբեջանական ժողովրդի և պետության նկատմամբ ատելությամբ, և եթե նրանք գան իշխանության, կտուժի հայ ժողովուրդը»։
Ալիևը շարունակում է հայերին անվանել «թշնամի», դրան զուգահեռ փորձում է մեզ մեղադրել ատելության մեջ՝ մոռանալով, որ ինքը հայ բնակչության հանդեպ իրականացրել է էթնիկ զտում, ինքը հերոսացրել է քնած հայ կացնահարողին և տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզում է ատելություն և հայատյացություն։
Բացի այդ, նա խոստովանում է, որ չկա իրական խաղաղություն, կա իր կամքով ձևավորված խաղի կանոններ, որոնցով Փաշինյանը խաղում է, իսկ նրանք, ովքեր Հայաստանում համաձայն չեն այդ կանոններով խաղալ, պրոբլեմատիկ են։ Իսկ այդ խաղն ուղղված է Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության և հայկական ինքնության դեմ։
Սա ատելության հերթական դոզան է՝ ուղղված մեզ։ Միայն մի բան կհավելեմ․ եթե Ադրբեջանն ունենար իրական ապացույցներ, որ Հայաստանում երբևէ պետական մակարդակով քարոզվել է ատելություն Ադրբեջանի ժողովրդի դեմ, ապա, հավատացեք, ինքը առաջինը կուզեր, որ միջազգային իրավական հայցերը ընթացք ստանային, այլ ոչ թե նախապայման կդներ դրանց հետքաշման։ Ատելություն քարոզել է Ադրբեջանի պետությունը և շարունակում է դա անել, Ալիևը առանց հայատյացության քաղաքական կյանք ունենալ չի կարող։ Իսկ դրան զուգահեռ շարունակում է ՀՀ-ի դեմ մշակել վտանգավոր զավթողական ծրագրեր։
Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ









