Կարս-Ախալքալաք երկաթուղու գործարկման ժամկետների մասին այս պահին չեմ կարող ոչ մի բան ասել, որովհետև բազմաթիվ տեխնիկակակն գնահատման աշխատանքներ կան, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա էլ՝ աշխատանքի ընթացքում, մենք տեխնիկական խնդիրներ ենք հայտնաբերում, որոնց մասին մեկ-երկու ամիս առաջ չգիտեինք, որովհետև մոտ 40 տարի չենք զբաղվել այդ ենթակառուցվածքով։
Հիմա պետք է գնահատենք կարիքները և անցնենք գործի»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ վերջինս իր հարազատ Տաշիրում չի արել և չէր էլ կարող անել կառավարության կատարած ներդրումների՝ նույնիսկ 10 տոկոսը։
«Այդ անձինք ինչքան ներդրում են արել, 10 անգամ ավել գողացել են, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հավելագրումների տրամաբանությամբ։ Այն մարդկանց, որոնց բարեգործներ եք անվանում, նրանց բարեգործությունը ծխածածկույթ է եղել Հայաստանի Հանրապետությունից գողանալու համար։
Ես թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդկանց համար այդ տարածքը գողության, հանցավոր գործունեության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է։ Հատիկ-հատիկ ձեռներից առնելու ենք բոլոր գույքերը»,- նշեց Փաշինյանը։
Պարզաբանելով, թե ինչու է Սամվել Կարապետյանի մասին խոսելիս օգտագործում «կալուգացի օլիգարխ» բառակապակցությունը՝ նա նշեց՝ պատճառն այն է, որ վերջինիս հետաքրքրությունների կենտրոնը մշտապես եղել է Հայաստանից դուրս։









