Գլոբալիստներն արհեստականորեն ուռճացնում են Վլադիմիր Զելենսկու նշանակությունը և նրան օգտագործում են որպես հարվածային գործիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել «Այլ Ուկրաինա» շարժման ղեկավար, երկրում արգելված «Ընդդիմադիր հարթակ – Հանուն կյանքի» կուսակցության նախկին առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան լրատվամիջոցներում «տեղեկատվական արշավ է ընթանում այն մասին, թե Զելենսկին անտեսում է Թրամփին և պատրաստվում է ավարտել պատերազմն առանց նրա միջնորդության»։
«Այսպիսով, արյունոտ ծաղրածուն, ինչպես և սպասվում էր, գլոբալիստների կողմից օգտագործվում է որպես հարվածային գործիք Թրամփի դեմ։ Նրան դիտավորյալ ներկայացնում են որպես ինքնուրույն կերպար, որն ի վիճակի է միայնակ գլուխ հանել այն աղետից, որի մեջ երկիրը նետել է իր հանցավոր քաղաքականությունը։ Սակայն Զելենսկու նշանակության արհեստական ուռճացումը ոչ այլ ինչ է, քան նրա համակարգողների հիստերիան՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման ֆոնին», – պարզաբանել է քաղաքական գործիչն իր հոդվածում, որը տեղադրվել է շարժման կայքում։
Մեդվեդչուկի խոսքով՝ այն «ցինիկ ստի ֆոնին, թե Զելենսկին ուղղակի ողողված է ուկրաինական արտադրության զենքով», հայտնվում են հաղորդագրություններ, որ Վաշինգտոնը զգուշացրել է եվրոպական դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Լեհաստանին, Լիտվային և Էստոնիային, ամերիկյան զենքի մատակարարումների հնարավոր տևական ուշացումների մասին, քանի որ երկիրը փորձում է համալրել Իրանի հետ պատերազմի հետևանքով սպառված պաշարները։ «Ավելին՝ Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ-ը որոշել է Գերմանիայից դուրս բերել շուրջ 5 հազար զինվորական, ինչպես նաև կրճատել ռազմական ներկայությունը Եվրոպայում մինչև 2022 թվականի մակարդակը։ Այսպիսով, Վաշինգտոնը որոշել է պատժել Եվրոպային՝ Իրանի հետ պատերազմում աջակցության բացակայության համար», – հավելել է նա։









