Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60 տարի Ցեղասպանության հուշահամալիրը «ոչ մեկ» չի վերանորոգել։
Ցավալի է, որ այդ սուտը կուլ է տալիս և չի փորձում խմբագրել հուշարձանի համահեղինակ, զրույցին ներկա Սաշուր Քալաշյանը։
Ցավալի է, որ սուտը հաստատում է նաև նախարար Անդրեասյանը, ով ի պաշտոնե պետք է, որ իմանար համապետական նշանակության հուշարձանի նորոգման պատմությունը։ Բայց լռելն ավելի շահեկան է․․․Համ էլ սուտն այս վարչախմբի մրցակցային առավելությունն է․ ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․․․
Իսկ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմության 60 տարիներին մի քանի անգամ է նորոգվել և բարեկարգվել։
Հուշահամալիրը հիմնանորոգվել է 2003-ին, Ցեղասպանության 90-րդ տարելիցի շրջանակներում՝ ԼԻՆՍԻ հիմնադրամի միջոցներով։ Փոխվել են քարեր, հիմնովին արդիականացվել է բունկերը, ավազե շիթով ամբողջությամբ մաքրվել է հուշարձանը, հիմնովին փոխվել է ոռոգման ցանցը և նոր լուսավորություն է մոնտաժվել, փոխվել են եզրաքարերը, իրականացվել է լայնածավալ ծառատունկ, տեղադրվել է ձայնային հեռարձակման ցանց, վերանորոգվել են աստիճաններ, փոխվել է քայլուղին։
Ի դեպ, 22 տարի առաջ, ի տարբերության ներա վերանորոգման խայտառակ ընթացքին, Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացված հուշահամալիրի վերանորոգման ընթացքում պահպանվել են բոլոր, այդ թվում՝ քաղաքաշինական, ճարտարապետական, և՛ պատմամշակութային ընթացակարգերը։
Հուշահամալիրը վերանորոգվել է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շևջանակներում, երբ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը արտաքին քաղաքական օրակարգի մաս էր և աշխարհի 80-իվ ավելի երկրների ներկայացուցիչներ պիըի այցելեին Հուշահամալիր՝ խնկարկելու զոհերի հիշատակն ու դատապարտելու Ցեղասպանություն անանց հանցագործությունը։
1995 թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 80-ամյա տարելիցի շրջանակում բացվել է Հայոց ցեղասպանության թագարան-ինստիտուտը՝ կազմելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի չորրորդ բաղկացուցիչ մասը։
Եվ ի տարբերություն ձեր վարչախմբի, նախորդ և ոչ մի վարչախումբ չի վախեցել Հայոց Ցեղասպանության ոգեկոչման և խնդրի միջազգայնացման օրակարգերից և չի ենթարկվել մեր անցյալն ու հիշողությունն ուրանալու թուրքական պարտադրանքին, անգամ Խորհրդային ժամանակներում։
Լիլիթ Գալստյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն








