Կիրակի Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ «Տիսա» կուսակցությունը հաղթել է 199 տեղերից 138-ում՝ գերմեծամասնություն, որը թույլ կտա նրան փոխել սահմանադրությունը և հեռացնել հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանի դրածոներին դատարաններում, կառավարական հաստատություններում, համալսարաններում և խոշոր մշակութային հաստատություններում ղեկավար պաշտոններից։
ԵՄ ղեկավարությունը «Տիսայի» առաջնորդ Պետեր Մագյարի հաղթանակը ողջունեց որպես Բրյուսելի և Բուդապեշտի միջև տարիներ տևած հակամարտությունից հետո հնարավոր շրջադարձային պահ։
Եվրոպայում տրամադրությունը անկասկած բարձր է. Վիկտոր Օրբանը չափազանց երկար ժամանակ Եվրամիության համար փուշ է եղել, և եվրոպացի առաջնորդները շնորհավորանքներով են ընդունել նրան հաղթած Պետեր Մագյարին և հայտարարել, որ նրա հաղթանակը պատմական է եվրոպական դիվանագիտության մեջ։
Օրբանը բազմիցս խափանել է ԵՄ-ի կարևոր նախաձեռնությունները, կասեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և շարունակում է արգելափակել Ուկրաինայի բյուջեի համար կենսական նշանակություն ունեցող վարկը։ Վերջին շաբաթներին պարզվել է, որ եվրոպացի առաջնորդները խուսափում են հունգարական պատվիրակության ներկայությամբ զգայուն հարցեր քննարկելուց, և լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տվել, որ Օրբանը և նրա նախարարները Բրյուսելում փակ դռների հետևում կայացած քննարկումների մանրամասները փոխանցել են Մոսկվային։
Օրբանի պարտությունը նաև նշանակում է, որ Եվրամիությունը կորցնում է, թերևս, իր ամենաաղմկոտ ներքին քննադատին։
Մագյարը և նրա «Տիսա» կուսակցությունը ավելի բարեկամական դիրքորոշում են որդեգրել ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի նկատմամբ: Քվեարկության ժամանակ Մագյարը նշել է, որ այն տեղի է ունենում Հունգարիայի 2003 թվականի Եվրամիությանը անդամակցության քվեարկության տարեդարձի օրը, ինչը հնարավոր ազդանշան է այն բանի, որ նա ցանկանում է վերջ դնել Օրբանի թշնամանքին Բրյուսելի նկատմամբ:
Սակայն, Մագյարը, որը նախկինում աշխատել է Բրյուսելում և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունում, կասկածանքով է վերաբերվում ԵՄ մի շարք նախաձեռնություններին։ Մասնավորապես, նա նշել է, որ Հունգարիան Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից ազատելը չի նշանակում ռուսական ներմուծման լիակատար վերացում, այլ՝ աղբյուրների դիվերսիֆիկացիա, և նույնիսկ դա, նրա խոսքով, հնարավոր չէ մինչև 2035 թվականը։
Նրա կուսակցությունը նաև դեմ է արտահայտվել ներգաղթային քաղաքականության առաջիկա որոշ փոփոխությունների, որոնք կարող են մեծ գլխացավանք պատճառել ԵՄ-ին։
Հունգարիայից դուրս այս ընտրությունների գլխավոր հաղթողը Կիևն է, իսկ գլխավոր պարտվողը՝ Կրեմլը։
Մեկնաբանները հաճախ Օրբանին անվանել են Վլադիմիր Պուտինի «տրոյական ձի» Եվրամիությունում։
Մոտ ապագայում նոր ղեկավարությունը, ինչպես սպասվում է, կդադարեցնի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակումը, որը շաբաթներ շարունակ կասեցվել էր Օրբանի առարկությունների պատճառով։
Եվրոպական առաջնորդները համաձայնեցին վարկը տրամադրել 2025 թվականի վերջին, և Հունգարիան հաստատեց ծրագիրը։ Սակայն Օրբանը և նրա կուսակցությունը փետրվարին կասեցրին վարկի տրամադրումը ՝ հղում անելով Ուկրաինայի կողմից Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարի վերանորոգման ուշացումներին, որը ռուսական վառելիք է մատակարարում Հունգարիա և Սլովակիա։
Վերջերս Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը խիստ քննադատության և դատապարտման է ենթարկվել Ռուսաստանին տեղեկատվություն արտահոսելու համար ։ Եվրոպական լրատվամիջոցները հաղորդել են, որ Օրբանի կառավարության անդամները Կրեմլի հետ կիսվել են ԵՄ հանդիպումների ժամանակ ստացված տեղեկատվությամբ։
Երկուշաբթի օրը Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան «չունի ծրագրեր» շնորհավորելու Պետեր Մագյարին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: «Մենք շնորհավորանքներ չենք ուղարկում անբարյացակամ երկրներին: Իսկ Հունգարիան անբարյացակամ երկիր է. այն աջակցում է մեր դեմ պատժամիջոցներին», – ասել է նա: Պեսկովը, սակայն, ընդգծել է, որ սխալ կլինի Կրեմլի հարաբերությունները Վիկտոր Օրբանի հետ բարեկամություն բնութագրել: «Մենք երկխոսության մեջ ենք եղել նրա հետ», – հավելել է նա:
BBC News









