ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր էստոնացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց ԱՄՆ պետդեպարտամենտի՝ TRIPP նախագծի վերաբերյալ հայտարարության մեջ «երրորդ երկրների» մասին հիշատակումը։
Հարցին՝ որոնք են երրորդ երկրները, որոնց հետ աշխատում է Հայաստանը, ՀՀ արտգործնախարարը նշեց՝ չնայած անբարենպաստ համաշխարհային զարգացումներին, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Նախարարի խոսքով՝ այժմ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և հաստատման փուլն է։ Կողմերն անընդհատ մտքեր են փոխանակում տարբեր հարցերի շուրջ։
«Հուսանք, որ հնարավորինս շուտ կթևակոխենք շինարարական փուլ։ Այստեղ է, որ երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու։ Իհարկե, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանագիրը երկկողմ է լինելու, սակայն շինարարության փուլում երրորդ երկրների կարիք ենք ունենալու»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ նախագիծը բազմաթիվ երկրների շահերից է բխում՝ Չինաստանից մինչև Պորտուգալիա՝ չհաշված անմիջական հարևաններին։
Միրզոյանի խոսքով՝ TRIPP-ն այլ մոլորակի վրա չէ. այն մի ծայրը սկսվում է Ադրբեջանում, մյուս ծայրում ավարրտվում Նախիջևանում, սակայն դրա տրամաբանական շարունակությունը Երասխով կապն է հայկական երկաթուղիների և Կարս-Գյումրու միջոցով՝ թուրքական երկաթուղային ցանցի հետ։
Ըստ նախարարի՝ ծրագրով հետաքրքրված են նաև Կենտրոնական Ասիայի երկրները։ Նա հիշեցրեց, որ նախօրեին հարցը քննարկվել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի և տրանսպորտի նախարարի այցի ընթացքում։
. A8a8atv









