(Իրանի դեմ պատերազմի օրագրից)
Այս օրերին պատերազմական գործողությունների մեջ հայտնված երկրներից ստացվող տեղեկություններից ամենասպասվածն ու ցանկալին, անշուշտ, պատերազմը դադարեցնելու մասին լուրերը կարող էին լինել:
Մի քանի օր շարունակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ներշնչող հայտարարություններ էր տարածում՝ նշելով, որ Վաշինգտոնը կարողացել է երկխոսության հնարավորություն ստեղծել Թեհրանի հետ ամենաբարձր մակարդակով եւ իրանական կողմին է փոխանցել պատերազմը դադարեցնելու համապարփակ առաջարկների փաթեթ: Թրամփը նաեւ լավատեսություն էր հայտնում, որ Իրանը կարող է «մեծ նվեր» մատուցել համաշխարհային կայունությանը եւ իր սեփական ապագային՝ ընդունելով զինաթափումը եւ վերադառնալով բանակցությունների սեղանի շուրջ:
Իրանն, իր հերթին, տարբեր պաշտոնյաների՝ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եւ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի շուրթերով հայտարարում էր, որ որեւէ առաջարկ չի ստացել եւ շարունակելու է հակահարվածներ հասցնել հակառակորդի դիրքերին: Ավելին, իրանական «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը մի քանի օր առաջ տեղեկացրեց, որ երկրի զինված ուժերի դոկտրինը պաշտպանականից անցել է հարձակողականի:
Պատերազմի 25-րդ օրը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն իր X սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ հայտարարեց ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններն իր պատկան երկրում հյուրընկալելու պատրաստակամության մասին:
Շարիֆը նշել էր նաեւ, որ Պակիստանը ողջունում եւ աջակցում է Մերձավոր Արեւելքում պատերազմի դադարեցմանն ուղղված երկխոսության առաջխաղացմանն ու շարունակական ջանքերին՝ հանուն տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության ու կայունության: Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության գան, Պակիստանը պատրաստ է եւ հպարտ կլինի հյուրընկալել բանակցող կողմերին՝ համապարփակ լուծման հասնելու նպատակով:
Նշվում էր նաեւ, որ Պակիստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար երկխոսության կարեւորությունը եւ պայմանավորվել շարունակել սերտ շփումները՝ հաշվի առնելով ընթացող զարգացումները:
«Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն Իրանին է ներկայացրել 15 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ, որի նպատակն է դադարեցնել Մերձավոր Արեւելքում պատերազմը:
Ասված է նաեւ, որ առաջարկը փոխանցվել է Պակիստանի միջոցով, եւ այդ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հանդես է գալու որպես Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ միջնորդ:
Հայտնի է, որ վերջին օրերին Թեհրանը մերժում էր Միացյալ Նահանգների հետ որեւէ ձեւաչափով բանակցելու հնարավորությունը, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոսել է բանակցային գործընթացում առաջընթացի մասին:
Մինչ վերջերս հայտնի չէր, թե առաջարկությունների փաթեթը որքանով եւ ինչ խորությամբ է քննարկվել իրանական պաշտոնական շրջանակներում, եւ արդյոք Իրանը կընդունի՞ այն որպես բանակցությունների հիմք: Նույնքան անորոշ էր նաեւ Իսրայելի դիրքորոշումը տվյալ առաջարկի վերաբերյալ:
ԱՄՆ առաջարկած 15 կետանոց փաթեթը
Հաղորդագրությունների համաձայն, Թեհրանին ներկայացված առաջարկությունների փաթեթում ներառված են Իրանի բալիստիկ հրթիռային եւ միջուկային ծրագրերը, ինչպես նաեւ ծովային ուղիների կարգավիճակին վերաբերող հարցեր:
Պատերազմն սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցը գործնականում փակ է եղել արեւմտյան նավագնացության մեծ մասի համար՝ խաթարելով նավթի եւ բնական գազի համաշխարհային մատակարարումները, ինչի հետեւանքով արձանագրվել է գների զգալի աճ:
Իսրայելական լրատվամիջոցները եւս ներկայացրել են առաջարկությունների փաթեթի որոշ մանրամասներ: Մասնավորապես, Իսրայելի «12-րդ ալիքը» հաղորդել է, որ այն ներառում է Իրանի միջուկային հնարավորությունների ամբողջական ապամոնտաժում եւ ապագայում միջուկային զենք չարտադրելու պարտավորություն:
Նշվում է, որ Իրանի տարածքում այլեւս չեն արտադրվի զենքի համար նախատեսված միջուկային նյութեր, իսկ արդեն հարստացված նյութերը համաձայնեցված ժամանակացույցով կհանձնվեն Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը: Նախատեսվում է նաեւ փակել Նաթանզի, Սպահանի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտները՝ ապահովելով գործակալության լիարժեք վերահսկողությունը միջուկային ծրագրի նկատմամբ:
Ըստ առաջարկի, Հորմուզի նեղուցը պետք է մնա բաց՝ որպես ազատ ծովային ուղի, եւ որեւէ կողմ չպետք է խոչընդոտի դրա գործունեությանը:
Փաթեթի մեկ այլ դրույթով՝ հետաձգվում է Իրանի հրթիռային ծրագրի շուրջ վերջնական որոշումների կայացումը, սակայն ընդգծվում է, որ հրթիռների հեռահարությունն ու քանակը պետք է սահմանափակվեն, եւ դրանք կարող են օգտագործվել միայն պաշտպանական նպատակներով:
Փոխարենը նախատեսվում է վերացնել Իրանի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները, ինչպես նաեւ աջակցություն տրամադրել Բուշեհրում քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացման համար:
Բացի այդ, առաջարկը նախատեսում է վերացնել պատժամիջոցների ավտոմատ վերականգնման մեխանիզմը, որը վերաբերում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից ՄԱԿ-ի սահմանափակումների հնարավոր վերագործարկմանը:
Դոնալդ Թրամփը հերթական անգամ լավատեսություն է հայտնել Իրանի հետ բանակցությունների մեկնարկի հնարավորության վերաբերյալ՝ նշելով, որ այս գործընթացին, նախկին բանակցողներից բացի, կմիանան նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ կոչ է արել իրանցի իր գործընկերոջը կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ կենտրոնանալ հակամարտության անհապաղ դադարեցման վրա:
Իսրայելական լրատվամիջոցներն անդրադարձել են նաեւ ԱՄՆ-ի 15 կետանոց պահանջների բովանդակությանը եւ մեկամսյա հրադադարի հնարավորությանը, որի նպատակն է պայմաններ ստեղծել բանակցությունների ակտիվացման համար:
Ռազմական գործողությունների ընթացքում բեկում նկատելու հույսով պատերազմի 26-րդ օրն առավոտյան արթնացած մարդիկ տեղեկացան, որ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկը: Միեւնույն ժամանակ, Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը հայտարարեց, որ առկա տեղեկությունների համաձայն՝ «թշնամիները» տարածաշրջանի մի երկրի աջակցությամբ (որի անունը չի նշվում), մտադիր են գրավել Իրանի կղզիներից մեկը:
Դրանից ժամեր առաջ իրանական «Press TV»-ն էլ հաղորդել էր, որ Իրանը ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկը պատերազմի ավարտի համար համարում է «առավելապաշտական եւ չհամապատասխանող պատերազմում ԱՄՆ-ի պարտության իրողությանը» եւ այն մերժել է:
Իրանական «Tasnim»-ի հաղորդմամբ՝ Իրանն իր պայմանները փոխանցել է Պակիստանին, որոնք ներառում են ռազմատուգանքի վճարում եւ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում պատերազմի մշտական դադարեցում:
Այնուամենայնիվ, պատերազմական գործողությունների հորձանուտում հայտնված երկրների, ինչպես նաեւ միջազգային հանրության համար այս օրերին ամենացանկալին ռազմական գործողությունների դադարեցման մասին հրապարակված լուրերի հաստատումը կարող էր լինել:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ





