Ուրեմն, Արցախի անկման պատասխանատուն, ըստ իշխանության պրոպագանդայի նախկիններն են, որոնք ըստ այդ նույն պրոպագանդայի «իշխանափոխություն» արեցին Արցախում, 2023 թվականի սեպտեմբերին: Կրկնեմ, սա իշխանության պրոպագանդայի թեզն է:
Իսկ ե՞րբ տեղի ունեցավ այդ «իշխանափոխությունը»: 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից մոտ 9 օր առաջ:
Այդպիսով, ըստ իշխանության, ընդամենը 9 օր առաջ եկածներն են պատասխանատու Արցախի անկման համար: Եվ ըստ այդ նույն իշխանության, 2020 թվականի պատերազմից երկու տարի առաջ իշխանության եկած Փաշինյանը պատասխանատու չէ այդ պատերազմի եւ պարտության համար: Ամփոփենք՝ իրենց դեպքում, երկու տարի լինելով իշխանության՝ պատասխանատու չեն, իսկ Արցախի դեպքում՝ 9 օր եղած «իշխանությունն» է պատասխանատու:
Անձամբ ես, թե 2020 թվականի, թե 2023 թվականի վերաբերյալ ունեմ իմ գնահատականները, ներկայացրել եմ ու ներկայացնում եմ դրանք տարբեր դրվագներով, պարբերաբար, ու այդ գնահատականներս դուրս են բեվեռացված տրամաբանությունից:
Այս դեպքում, սակայն, այն, ինչ հայաստանյան իշխանության պրոպագանդայի մակարդակով մատուցվում է Հայաստանի հանրությանը, պարզապես դուրս է որեւէ սթափ դատողությունից եւ առողջ տրամաբանությունից` բերելով մի եզրակացության՝ իշխանական պրոպագանդայի դիտանկյունից՝ չմտածելն է նորաձեւ, մատուցվողը առանց մտածելու կուլ տալը:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան








