Հայաստանում միկրովիրաբուժության հիմնադիրը. թվում է՝ միայն այս կոչումը բավական է, որպեսզի մարդն իր առաքելությունը կատարված համարի, բայց բժշկի մասնագիտությունը նրա բազմաթիվ կոչումներից, առաքելություններից միայն մեկն էր։ Արտավազդ Սահակյանն ինքն իրենով բանաձևում էր մարդկային, ազգային, պետական արժեքների մի ամբողջ համակարգ։
Թեքեյան մշակութային միությունը դեռ անցյալ տարվա նոյեմբերին էր նախաձեռնել Արտավազդ Սահակյանին պարգևատրել միության բարձրագույն պարգևով՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով, Ռուբեն Միրզախանյանը Վարպետի հետ արդեն օր ու ժամ էր պայմանավորվել։ Նա էլ ընդդիմացել էր, թե ես արվեստի մարդ չեմ։
Ցավոք, Արտավազդ Սահակյանը մահացավ։
Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը հանձնվեց նրա որդուն՝ բժիշկ Արամ Սահակյանին։
Արտավազդ Սահակյանին կարելի է ասել ամբողջ Հայաստանն էր ճանաչում։ Նրան միշտ սպասում էին նաև Սփյուռքում, Արցախում։
Նրա հետ Արցախի հեռուստատեսության վերջին հարցազրույցը հետադարձ հայացք է անցյալին՝ ինչպես կատարեց առաջին փոխպատվաստումը, ինչպես էր նա երազում դառնալ ճարտարապետ, բայց դարձավ մարմնի ճարտարապետ, ինչպես է 1990-ականներին կազմակերպել Մեղրիի, Նոյեմբերյանի, Երասխի մարտերում վիրավորված մեր տղաների տարհանումն ու բուժումը, ինչպես է դիվանագիտական առաքելություն իրականացրել, մեկնել Արցախ, պատանդառվել, կազմակերպչական կարևոր խնդիրներ լուծել, Արցախում ևս բուժել մարդկանց, կյանք պարգևել։
Արտավազդ Սահակյանը 7 գյուտի հեղինակ է։ Ամենաանհավանական վիրահատություններ է արել ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում։ Նա գիտնական էր, օժտված բժիշկ, որի համար իր Հայրենիքը, ժողովուրդը բացարձակ արժեք էին։
Արտավազդ Սահակյանը իրական լեգենդ էր, ֆենոմեն, մարդ-հանրագիտարան. նրան ճանաչելը մեծագույն պատիվ է. Ասում են բժիշկները, ճարտարապետները, լրագրողները, արվեստագետները, բոլորը։ Նրանք հուշեր են պատմում ամենաուժեղ մարդու ամենափխրուն զգացումներից։ Ու թվում է՝ Արտավազդ Սահակյանը իր մեջ ամփոփել է ամբողջ Հայաստանը, ամբողջ հայությանը ու նրա ցավը։ Այդ ցավն էլ նրան տարավ՝ մեզ թողնելով իր անժամանակ հեռացումի մեծ ցավը։




