Վրացական կողմը մինչ օրս պարզաբանումներ չի ներկայացրել, թե կոնկրետ ինչ պատճառով են հայ տնտեսվարող սուբյեկտները բեռնատարները կանգնեցվել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մեզ համար էլ է անհասկանալի։ Մի քանի օր առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն էր այստեղ և ասաց, որ այդ հարցը վերաբերում է երկրի ֆինանսական ոստիկանությանը։ Նա երկու օր հետո կապ հաստատեց իմ հետ և նշեց, որ ինչ-որ ապրանքների հետ կապված ինչ-որ ռիսկեր են տեսել։ Այնուամենայնիվ, ես խնդրել եմ պարզաբանում, թե այդ ինչ ռսիկերի մասին է խոսքը», – նշեց Պապոյանը։
Նախարարը միաժամանակ նշեց՝ չի կարող մեկնաբանել այն խոսակցությունները, թե սա կարող է լինել Վրաստանի խանդոտ վերաբերմունքի դրսևորումը տարածաշրջանում Վրաստանի դերի հնարավոր նվազեցման ֆոնին:
«Իրականում խնդրել եմ հստակ նշել, թե որ մեքենայի վարորդը ինչ խախտում է արել՝ այսօր, երեկ կամ երեկ չէ առաջին օրը, որովհետև, եթե շատ կոնկրետ ասվի, որ եթե օրինակ այս մեքենայի վարորդը այս մեքենայի փաստաթղթերը չի ունեցել, դա լրիվ ուրիշ իրավիճակ է, իսկ այն, որ այնտեղ մեքենաներ են կանգնած, իսկ մեզ պարզաբանում էլ չի ներկայացվում, դա այլ իրավիճակ է։ Ես որքան գիտեմ, ինչ-որ մեքենաներ, այնուամենայնիվ, դուրս են եկել, բայց ինչ-որ խմբաքանակի և մեքենաների հետ կապված խնդիրները պահպանվում են», – ասաց Գևորգ Պապոյանը։
Հիշեցնենք, որ հայկական բազմաթիվ բեռնատարներ փետրվարի 12-ից ի վեր Վրաստանից Հայաստան մուտք գործելը չեն կարողանում։









