Հարգելի՛ ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պետությունը հստակ ծառայությունների համար, որոնց ցանկը հրապարակված է, ունի ապահովագրական փաթեթ՝ առավել փոխհատուցման գներով։
Այո՛, ծառայությունների գերաճնշող մասով քաղաքացին այդ ծառայությունը ստանալուց որևէ հավելյալ վճար չի անում։ Այսինքն՝ իր փոխարեն ամբողջությամբ վճարում է ապահովագրական հիմնադրամը»,- նշեց նա։
Նախարարը միաժամանակ շեշտեց՝ բժշկական կենտրոններում կան և շարունակելու են լինել վճարովի հիվանդասենյակներ։
«Եթե որևէ կոնկրետ բժշկական կենտրոնում սպառվել է մահճակալային ֆոնդը, որն, ըստ էության, VIP պալատ չէ կամ առանձնացված խնամքով պալատ չէ, այո՛, քաղաքացին պետք է հավելյալ վճարի դրա համար։ Եթե չի ուզում վճարի, պետք է ընտրի այլ բժշկական կենտրոն, որտեղ այդ պալատները, այդ մահճակալները հասանելի են։ Մեր բժշկական կենտրոնների հնարավորություններն էլ անսահման չեն, պետությունն էլ չի ասել, որ ծառայությունը բոլոր դեպքերում պետք է ապահովի հենց կոնկրետ բժշկական կենտրոնում. ասել է, որ այս ծառայության համար բազմաթիվ բժշկական կենտրոններ ունեն ապահովագրության պայմանագիր և հերթագրվելով առաջին եկածի, առաջինը սպասարկածի տրամաբանությամբ՝ պետք է օգտվել ծառայություններից։ Հավելյալ կոմֆորտի, խնամքի, ծառայությունների համար, այո՛, մենք պետք է վճարենք։
Մեր նպատակը, կարիքն է եղել հոգալ մեր ժողովրդի անհրաժեշտ բժշկական ծառայությունները, և այս համակագը դա հոգում է»,- ասաց Ավանեսյանը։









