Մարտին պատրաստ կլինի Սահմանադրության նոր տեքստը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Տեքստը պատրաստ կլինի այս տարի՝ մարտ ամսին: Եվ մենք արդեն պետք է սկսեն մեր իրազեկման արշավը, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել են և ընդունվել են սահմանադրական խորհրդի կողմից: Մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց նախարարը:
Ըստ Սրբուհի Գալյանի՝ նոր Սահմանադրությունը այլ կերպ, քան հանրաքվեով, չի կարող ընդունվել:
«Այսինքն՝ վերջնական խոսքը պատկանելու է ժողովրդին, և ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով արտահայտելու է իր կամքը՝ կողմ կամ դեմ քվեարկելով Սահմանադրության նոր տեքստի ընդունմանը»,-ասաց նա։
Ըստ Գալյանի՝ ՀՀ նոր Սահմանադրությունը կպահպանի խորհրդարանական կառավարման համակարգը։
Նախարարը միաժամանակ նշեց՝ Սահմանադրության տեքստը պատրաստող խորհուրդը դեռևս չի քննարկել՝ արդյոք Սահմանադրության մեջ կպահպանվի Անկախության հռչակագրին արված հղումը։
Հարցին՝ արդյոք կպահպանվի Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հատուկ կարգավիճակը, Սրբուհի Գալյանը պատասխանեց՝ այդ հարցը նույնպես չի քննարկվել, սակայն ինքը կարծում է, որ փոփոխություններ չպետք է լինեն։









