Ես կփորձեմ նոր ձևակերպում տալ TRIPP-ի ծրագրի համար․ դա հայ-ամերիկյան պրոեկտ է` Ադրբեջանի և Թուրքիայի համար. այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երևի ամենից ճիշտ ձևակերպումը սա է։ Այս ֆորմատով հայկական շահը այստեղ չի երևում ընդհանրապես։ Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, այլ՝ կիսակողմ, կիսակողմ՝ 20 տոկոսանոց։ Ընդհանրապես տրանզիտային ուղիները ունեն երկու գործոն՝ մեկը աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով կոնտրոլի տակ է պահում և երկրորդը՝ տնտեսական գործոն:
Հիմա ԱՄՆ-ին տալը այդ բաժնեմասը և ազդեցությունը, նշանակում է, որ աշխարհական գործոնը զրոյացվել է: Իսկ այդ տոկոսային հարաբերակցությունը նշանակում է, որ տնտեսականը գրեթե զրոյացվել է։
TRIPP-ը մեր ամենից մեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Իմ տպավորությունը այնպիսինն է, որ մարդիկ ի պաշտոնե պատասխանատվություն են կրում հարցերի վերաբերյալ, որոնցից բացարձակապես ոչինչ չեն հասկանում:
Յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորն առաջին հերթին բանակն է: Եթե դու ունես մարտունակ բանակ, այն ոչ թե պատերազմ սկսելու համար է, այլ հակառակը՝ խաղաղություն ունենալու համար։ քո մարտունակ բանակը քո կշիռն է մեծացնում հարաբերություններում ուրիշների հետ։
Ինչքան բանակդ ավելի մարտունակ է, ինչքան տնտեսությունդ ավելի հզոր է, այնքան ավելի հետաքրքիր դաշնակիցներ կարող ես ունենալ, և այնքան իրենք են արժևորելու քո դերը այդ հարաբերություններում:
Եթե դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, քեզ հետ ի՞նչ ընկերություն անեն»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։





