«Մի քանի օրից՝ փետրվարի սկզբին, մենք Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները:
Հուսով եմ` այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ:
Այն 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է: «Voices of hope» հիմնադրամի և ամերիկյան «All prime group» ընկերության համատեղ արտադրության «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմում հեղինակները 6 տեղահանվածների օրինակով ներկայացնում են 120 հազար հայերի ճակատագիրը: ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո, ֆիլմը ցուցադրվել է Ֆրանսիայում՝ Փարիզի քաղաքապետարանում՝ G2iA ասոցիացիայի նախաձեռնությամբ և Փարիզի քաղաքապետարանի աջակցությամբ: «Դուք չունեք նավթ, չունեք գազ, գուցե հենց այդ պատճառով էլ Արցախում տեղի ունեցածը որոշներին հետաքրքիր չէ: Ցավոք, դա շատ տեսանելի է, հատկապես, երբ տեսնում ենք, որ այլ հակամարտությունների մասին խոսում են միշտ և ամենուր, ուստի կարծում եմ, որ արցախցիների ձայնը ևս պետք է լսելի դարձնել աշխարհում»,-ասել է Փարիզի փոխքաղաքապետը:
«Սա փոքրիկ ֆիլմ է ընդամենը, բայց ինչպես հայտնի ասացվածքն է ասում, ավազահատիկներից մեկն է ի վերջո կոտրում ուղտի մեջքը: Թող սա այն փոքրիկ հատիկներից մեկը լինի, որը մի օր կկոտրի անարդարության ուղտի մեջքը»,- ասել է «All prime group» ընկերության համահիմնադիր Արշակ Կարապետյանը:
Նիկոլայ Մելիքյանի և Արայիկ Սարգսյանի «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվել է նաև Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում՝ Թուլուզի հայկական ընկերակցության նախաձեռնությամբ:
«Մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ճնշել Հայաստանին՝ տարբեր ժամանակներում փոքրացնելով Հայաստանի տարածքը: Հիմա էլ շատ լավ գիտենք, թե TRIPP նախագիծը կոնկերտ որ երկրի շահերն է սպասարկում»-ասել է Թուլուզ մետրոպոլի փոխնախագահ, Թուլուզի քաղաքապետի տեղակալ Ժան-Կլոդ Դարդելեն և ընդգծել, որ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը պետք է ցուցադրվի միջազգային հարթակներում` աշխարհին հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը ներխուժեց հայկական տարածք՝ սպանեց հայերի, իսկ ավելի քան 100 հազար մարդու դատապարտեց բռնել գաղթի ճանապարհը՝ միջազգային լիակատար լռության պայմաններում:
Արցախի բռնի տեղահանման մասին ֆիլմի ֆրանսիական ցուցադրություններն ավարտվել են Նիսում:





