«Ես փոսի դիրիժոր չեմ»: Տարիներ առաջ մեզ հետ ծավալուն զրույցից մաեստրոյի այս նախադասությունը հիշեցի, երբ դեկտեմբերի 23-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմում փոսը տախտակամածով փակել էին, նվագախմբի ողջ կազմը չէր տեղավորվել նախաբեմում, փողայինները նստել էին աջ եւ ահյակ՝ կողային հատվածներում, միջնաբեմում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն էր, կատարողների հզոր, մարդաշատ կազմ, իսկ ինքը դիրիժորական վահանակի առջեւ, նստած էր ղեկավարում Բեռլիոզի «Ռեքվիեմը»: Նույն օրն իր 97-ամյակն այսպես էր նշում բազմաթիվ շքանշանների կողքին նաեւ պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Ազգային հերոսի եզակի կոչում ստացած Հովհաննես Չեքիջյանը: Իր ասած «փոսի դիրիժոր» շատ կարճ եղել է՝ 1958-1961-ին Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարն է եղել, 1982-87-ին աշխատել է Սպենդիարյան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն, բայց 1961 -ից Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական անփոփոխ ղեկավար ու գլխավոր դիրիժոր Չեքիջյանին վառ հիշում ենք կանգնած չափ տալիս, երբ համերգի վերջում բեմում նրա հասակը շարունակ բարձրանում էր, ինքը դառնում վիթխարի, հզոր երեւույթ: 97- ամյակին մեզ պարգեւած ընծան զորեղ խիզախում էր՝ Բեռլիոզն ինչպե՞ս է երկնել այս աստվածային երաժշտությունը միտքն անընդհատ զուգահեռ էր ստեղծում՝ Չեքիջյանն ինչպե՞ս է փոխանցում դրա առեղծվածը:
Երեկ ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի վերանվանելու հարցը: Փոփոխության նպատակն է Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակն արժեւորելը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարը` Սպենդիարյան օպերայի եւ բալետի կայքից:





