Ես իմ գործունեությամբ «ցավացրել եմ» որոշ մարդկանց. անուններ դեռ չեմ ցանկանում տալ, այսօրլրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՔՊ վարչությունն իրեն չի ընդգրկել ՔՊ-ի նախընտրական ցուցակում։
«Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով, տասնյակ առաջարկներ եմ արել, որոնք ընդունվել են և նաև 5 օրենսդրական նախագծերի հեղինակ եմ։ Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով ՔՊ վարչության անդամներից մի քանիսը, մեկի գլխավորությամբ, որոշել են մերժել իմ՝ առաջադրվելու իրավունքը, հետևյալն է. ես օրենքի նախագիծ եմ հեղինակել, և սկզբնական շրջանում դրան դեմ է եղել ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը։ Խոսքը վերաբերում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն։
Օրենքը ընդունվեց շատ բուռն քննարկումների արդյունքում։ Ես բերել եմ բոլոր հիմնավորումները, թե ինչու պետք է մենք բարձրացնենք բուքմեյքերական ընկերությունների հարկերը։ Օրենքի նախագիծն ընդունվեց, և ապրիլից մինչև այս պահը 10 մլրդ դրամից ավելի գումար է մուտքագրվել պետական բյուջե։
Ըստ այս նախագծի տրամաբանության՝ տարեկան մոտ 13 մլրդ դրամ կամ 33 մլն դոլար ավելի գումար է մուտքագրվելու բյուջե։ Ըստ այդ օրենքի նախագծի՝ սահմանված է, որ եթե հունվարի 1-ից չունենանք խաղային օպերատոր, պետք է երեք անգամ բարձրանան հարկերը։ Մենք տեսնում ենք, որ խաղային օպերտոր չենք ունենալու. արդյունքում տարեկան բյուջե է մուտքագրվելու մոտ 70 մլն դոլար հավելյալ գումար։ Նախկինում այդ գումարները գնացել են այն մարդկանց գրպանները, որոնք այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են և միլիարդատերեր են։
Սա նշանակում է, որ իրենք ունեն լրջագույն խնդիր՝ ի դեմս պատգամավոր Հայկ Սարգսյանի, ով բարձրացնում է հանրությանը հուզող հարցերը, որովհետև այսօր խաղամոլությունը, թմրամոլությունը և քրեական բարքերը ամենաշատն են ցավեցնում և հուզում մեր հանրությանը։
Ես միակ պատգամավորն եմ եղել, ով այս հարցերը բարձրացրել է և պայքարելով հասել եմ արդյունքի՝ վտանգելով նաև իմ սեփական կյանքը, քանի որ մարդիկ, որոնք միլիարդներով այն ժամանակ դնում էին գումարը իրենց գրպանները, ստիպված պետք է կտրեն և տան պետությանը։
Հիմա ստացվում է, որ ես, մեծ օգուտ բերելով իմ պետությանը, հայտնվել եմ թիրախային իրավիճակում, և վարչության որոշ անդամներ, մեղմ ասած, չեն գնահատում իմ գործունեությունը»,-ասաց Հայկ Սարգսյանը։
Պատգամավորը միաժամանակ նշեց, որ ենթադրում է, սակայն հստակ չգիտի՝ վարչության անդամներից ով ինչպես է քվեարկել։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊ վարչությունում միայն երեք մարդ է կողմ քվեարկել Հայկ Սարգսյանի՝ ցուցակում ընդգրկելու հարցին։





