Եթե հիշենք, որ Արսեն Թորոսյանը սոցապ նախարարն է, ապա մի փոքր տարօրինակ է թվում, թե սոցապ ոլորտում երկկողմ հարաբերության զարգացումը ի՞նչ է: Սոցիալական ապահովության ոլորտը կարծես թե գերազանցապես ներքին հարց է, այն իմաստով, որ կառավարության եւ տվյալ պետության ներսում գտնվող սոցիալապես անապահով կամ այս կամ այն կարիքն ունեցող քաղաքացիների հարաբերության ոլորտն է.գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Ըստ այդմ, Արսեն Թորոսյանը գործուղվում է Վրաստան, որ երկկողմ հարաբերությունը ինչպես ու ինչո՞վ զարգացնի:
Ես կարծում եմ, որ Արսեն Թորոսյանի Վրաստան այցի ֆորմալ պատճառն է դա, իսկ բուն պատճառը՝ քաղաքականությունը: Թորոսյանն այդ իմաստով մեկնում է որպես Նիկոլ Փաշինյանի քաղաքականության առանցքային կրողներից մեկը, հետեւաբար՝ Նիկոլ Փաշինյանի «վստահելի բանագնաց»: Իսկ, թե ինչի՞ համար է պետք այդ քաղաքական կարգավիճակում գտնվող գործչի այց Վրաստան, թերեւս կարող է պարզ լինել Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի՝ օրեր առաջ արած ֆեյսբուքյան գրառումից: Մասնավորապես, Սահակաշվիլին նշել է, որ պաշտոնական Թբիլիսին Երեւանից դժգոհում է վրացական այսպես կոչված քաղաքացիական, իրականում արեւմտյան ֆինանսավորմամբ քաղաքական նշանակություն ունեցող կազմակերպություններին Հայաստանին «պատսպարելու» համար:
Ըստ Սահակաշվիլիի, դա լարվածության պատճառ է Երեւանի ու Թբիլիսիի միջեւ:
Պնդել, որ հենց այդ հարցն է Արսեն Թորոսյանի մեկնելու բուն պատճառը, բնականաբար չեմ կարող, սակայն հատկանշական է Սահակածշվիլու գրառումն ու մի քանի օր անց Թորոսյանի գործուղումը, որը, կրկնեմ, Նիկոլ Փաշինայնի ներկայիս քաղաքականության եւ անգամ քաղաքական թիլիսոփայության «մարմնացում գործիչ» է: Այդպիսի կարգավիճակով գործչի գործուղումը ըստ էության նշանակում է թերեւս, որ վրացական կողմը նրա հետ խոսակցությունը կարող է դիտել անմիջականորեն որպես խոսակցություն Նիկոլ Փաշինյանի հետ:
Հայ-վրացական ուղղությամբ «արշալույսների» որոշակի հարաբերականության հանգամանքը ես դիտարկում եմ վաղուց: Մասնավորապես, ուշադրության եմ արժանացրել, որ 2025 թվականի մայյիսին եւ 2025 թվականի հոկտեմբերին Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել այդ երկրի Ազգային անվտանգության ծառայության պետերի հետ: Այսինքն, մայիսին պետը մի գործիչ էր, հոկտեմբերին՝ արդեն նոր պետ: Իսկ այդպիսի հանդիպումները, առավել եւս դրանց վերաբերյալ պաշտոնական հանրայնացումը, դիվանագիտական առաքելության շրջանակում մեղմ ասած ոչ սովորական հանգամանք են:





