Տոկիոյի «Ֆուջիվարա շոտեն» հրատարակչությունը լույս է ընծայել Մելինե Մեսրոպյանի եւ Արիսա Օտայի «Ճապոնիայում ապրած «սփյուռքը». Դիանա Աբգարը եւ Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը՝ ճապոներեն: Այն ճապոներեն առաջին աշխատությունն է ճապոնաբնակ գործարար, հրապարակախոս, բարեգործ, Ճապոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դիանա Աբգարի (1859-1937) մասին:
Ինչպես նշել է Մելինե Մեսրոպյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ. «2012 թվականին, երբ սկսեցի այս ուսումնասիրությունը, համարյա ոչ մի գիտական գրականություն գոյություն չուներ Դիանա Աբգարի կյանքի մասին Ճապոնիայում: Գրեթե ընդհանրապես հոդվածներ չկային, եւ այդ քչերի մեջ Արծվի Բախչինյանի աշխատանքն էր, որ դարձավ այն հիմքը, որի վրա սկսեցի կառուցել իմ սեփական հետազոտությունը: Բախտս բերել է նաեւ հանդիպելու ճապոնացի հետազոտող Հիդեհարու Նակաջիմային, որը շատ տարիներ առաջ հայտնաբերել էր Դիանա Աբգարի գերեզմանը Յոկոհամայում: Նա Ճապոնիայում առաջիններից էր, որ գրեց նրա մասին: Նա շռայլորեն բաժին հանեց իր նյութերը, դիտարկումներն ու հետաքրքրությունն այն ժամանակ, երբ ես նոր էի սկսել: Մեկ այլ կարեւոր օժանդակող էր Շինջի Շիգեմացին, որի «Աբգար & Co»-ի մասին ուսումնասիրություններն օգնեցին հասկանալու հայ առեւտրական ներկայությունը Յոկոհամայում եւ Աբգարների գործի մանրամասները»:
Գրքի առաջաբանը գրել է Ճապոնիայում ՀՀ առաջին դեսպան Հրանտ Պողոսյանը, որին հետեւում են «Նախաբանը» եւ «Առաջաբանը» («Աշխարհի առաջին կին հյուպատոս» լինելու պատրանքը»): Աշխատությունը կազմված է հինգ գլխից եւ համապատասխան ենթագլուխներից՝ 1. «Հայ սփյուռքը» («Հայաստան՝ երեքհազարանյա պատմություն», «Դիանայի ծնունդից մինչեւ ամուսնությունը»), 2. «Դեպի նոր աշխարհ՝ Ճապոնիա» («Քաղաքակրթված» Յոկոհամա», «Կանայք գործի են անցնում», «Ռուս-ճապոնական պատերազմը եւ փոքր ազգի ուժը»), 3. «Զանգվածային կոտորածի մասին մարգարեությունն ու Աբգարի զգուշացումները (1906-1914)» («Երկու անգամ տեղափոխվելը», «Մինչ ի մահ». նվիրում գրական գործին», «Հետզհետե մոտեցող չարագույժ ստվերը», «Ցեղասպանության նախօրեն»), 4. «Որպես փախստականների պաշտպան» («Հայոց ցեղասպանությունը», «Փախստականների գալուստը եւ Դիանայի անխոնջ ջանքերը», «Խորտակված հույսեր»), 5. «Հաղթահարելով ափսոսանքը» («Անհետացող «հայրենիքը». Հայաստանի առաջին հանրապետությունը», «Կյանքը շարունակելով`որպես պատվավոր հյուպատոս»): Գիրքը եզրափակում են «Վերջաբանը», «Հետգրությունը», «Շնորհակալությունները» եւ գրականության ցանկը, գրքին առնչվող ժամանակագրությունը (1854-1937), Դիանայի տոհմածառը, գլխավոր մամուլի եւ հանդեսների, ապա եւ՝ գրքում հիշված կարեւոր գործիչների ցանկը:
Մելինե Մեսրոպյանը դասավանդում է Ճապոնիայի Կանսայ շրջանի մի շարք համալսարաններում, ինչպես նաև Տոհոկու համալսարանի միջազգային մշակութային ուսումնասիրությունների բաժնի հետազոտող է, Արիսա Օհտան՝ լրագրող: Նրանց համատեղ աշխատությունը մի կարեւոր ներդրում է հայ-ճապոնական կապերին նվիրված փոքրածավալ գրականության մեջ:
Ա. Բ.





