Հայ մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսի քաղաքի Պուշկին փողոցի N 13 հասցեում, որտեղ 1899-1922 թթ. ապրել է Քոչարը, բացվել է հուշատախտակ:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, արվեստագետի թոռնուհի Կարինե Քոչարը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամներ:
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ Թբիլիսիի վերոնշյալ հասցեն նշանակալի է թե՛ հայ և վրաց ժողովուրդների, թե՛ արվեստասեր հանրության համար, և մեծ պատիվ է հայ մեծանուն արվեստագետ և մտավորական Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացումը:
Հուշատախտակը բացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Թբիլիսիի քաղաքային իշխանությունների, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:





