Մենք մեր աշխատանքները շարունակելու ենք կատարել։ Ավագանու կազմում ներգրավվածություն ունենալու ենք. թիմի որ անդամներով կլինենք՝ դեռևս քննարկում տեղի չի ունեցել։ Բայց որ մանդատները վերցնելու ենք, անպայման է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հաղթանակ» դաշինքի Վաղարշապատ համայնքի քաղաքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը:
«Մեզ ձայն տված 10 հազար մարդու ձայնը պետք է համայնքապետարանում ներկայացված լինի։ Մեր թիմի անդամները պետք է համայնքապետարանում ակտիվ աշխատեն, որպեսզի ապացուցենք, որ մեր թիմն էր ավելի ճիշտ պատկերացնում Վաղարշապատի ապագան»,- ասաց Սևակ Խաչատրյանը։
Նա միաժամանակ անդրադարձավ այն հարցին, թե արդյոք իրենց մադատները վերցնելով՝ չեն լեգիտիմացնում Վաղարշապատ համայնքի ընտրությունները։
«Ո՛չ, դա այնդպես չէ։ Ընտրապայքարն ի սկզբանե սկսկվել է խախտումներով, անհավասար պայմաններով։ Այդպես է մինչ օրս։ Քվեարկությունն ավարտվել է, բայց դեռևս անհավասար պայմանները, ճնշումները մեր քաղաքական թիմի նկատմամբ շարունակվում են, և, կարծում եմ, շարունակվելու են»,- ասաց նա։
Ըստ Սևակ Խաչատրյանի՝ իշխող կուսակցությունը ներկայում վտանգ է տեսնում, որ հինգ ամիս հետո կայանալիք ԱԺ ընտրություններում Վաղարշապատում կա 10 հազար ձայն հավաքած ընդդիմադիր ուժ՝ ի դեմս «Հաղթանակ» դաշինքի։
«Դրա համար էլ փորձում են և փորձելու են մեր թիմի անդամներին քրեական գործերով պառակտել կամ ընկճել, բայց չի ստացվելու»,- ասաց նա։
Բանախոսը միաժամանակ հիշեցրեց նախկինում հնչեցրած իր այն միտքը, որ եթե Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն հաղթի, իշխանության հաջորդ քայլը լինելու է Մայր Աթոռը գրոհելը, ինչի մասին էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Նա իրենց թիմի զորակցությունը հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն։
Վերջում Սևակ Խաչատրյանը հաստատեց, որ ինքը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և՛ կնունքի, և՛ հասարնիքի քավորն է, բայց դա քաղաքական կատեգորիա չէ, բոլոր քաղաքական և բարոյական հարցերը պետք է ուղղել Պապոյանին, քանի որ իրենք վաղուց որևէ հարաբերություն չունեն։




