Նախընտրական քարոզաշրավի ժամանակ արձանագրվել է 53 խախտում, որից 45-ը վերաբերում է քարոզչական պաստառներին, վարչական ռեսուրսի չարաշահմանն ու բարեգործության արգելքի խախտմանը։ Այս մասին այսօր՝ Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Ըստ նրա՝ իրենք ներկայացրել են հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 2-ը վերաբերում են պաշտոնական դիրքի չարաշահմանը, 3-ը՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման հիմքով։
«Բոլոր 5 հաղորդումներն այս կամ այն կերպ կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կատարվող ենթադրյալ հանցագործությունների հետ»,- ասաց բանախոսը։
Անդրադառնալով ընտրությունների ժամանակ գրանցված խախտումներին՝ Դանիել Իոաննիսյանը նկատեց՝ եղել են բաց քվեարկության բազմաթիվ դեպքերը, երկու դեպքում, օրինակ, միտումնավոր ցանկացել են ցույց տալ, թե ում են քվեարկում։
«Բաց քվեարկության դեպքերը բազմաթիվ են եղել։ Մեր դիտորդները 2 դեպք են արձանագրել, որ բաց քվեարկությունը կատարվել է միտումնավոր, թժոչ թե կարգը չիմանալու կամ շտապելու արդյունքում»,- ասաց բանախոսը։
Նա միաժամանակ նշեց, որ ՔՊ-ի և «Հաղթանակ» դաշինքի օգտին որոշ քվեաթեթրիկներ յուրօրինակ ձևով են ծալված եղել, ինչը կասկած է հարուցել։
«Կասկած կա, որ միգուցե որոշ քաղաքացիների ասել են, որ քվեաթերթիկը յուրովի ծալեն, որպեսզի տեսնեն»,-նշեց նա՝ հավելելով, որ դե ֆակտո որևէ մեկը չի կարող դա վերահսկել։
Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն իրհերթին նկատեց, որ Վաղարշապետում կայացած ընտրությունների ընթացքում էական թերություններ կամ խախտումներ չեն արձանագրվել, ընտրությունները մրցակցային են եղել։





