Անցյալ շաբաթ Վիեննայում կայացել է Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսների աշնանային լիագումար ժողովը՝ Հայ առաքելական եկեղեցու, Ասորի ուղղափառ եւ Ղպտի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ, որ ուշադրություն է բեւեռել Ավստրիայում եւ իրենց ծագման երկրներում եկեղեցիների եւ նրանց անդամների վիճակին: Սույն իրադարձությունը լուսաբանող Ավստրիայի կաթոլիկների լրատվական գործակալությունը՝ kathpress-ը նոյեմբերի 7-ին հաղորդում է, որ Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսներն իրենց համերաշխությունն են հայտնել Ավստրիայի Արեւելյան ուղղափառ եկեղեցիներին, մասնավորապես՝ Հայաստանի եկեղեցուն:
Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի, Բագրատ Գալստանյանի, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի բանտարկությունը «հարձակում է հավատացյալների համայնքի վրա», գրում է kathpress-ը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 7-ին հրապարակված հայտարարության տեքստից մեջբերում անելով: Ըստ նույն աղբյուրի, «եպիսկոպոսները խոր հիասթափություն եւ ցավ են հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի եւ Բագրատ Գալստանյանի, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի եւ ծխական քահանա Գարեգին Արսենյանի բանտարկության կապակցությամբ»: Ավստրիայի կաթոլիկական գործակալության լրատվականը ծանուցում է, որ արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, մյուս հոգեւորականները նախնական կալանքի տակ են: Ավստրիացի եպիսկոպոսները կարծիք են հայտնել, որ Հայաստանը, ըստ երեւույթին, «մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը՝ սույնը համարելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների խախտում, ինչպես նաեւ «հարձակում կրոնական համայնքի վրա»: Նրանք կոչ են անում աղոթել իրենց հոգեւորական եղբայրների շուտափույթ ազատ արձակման համար:
Վիեննայում կայացած ժողովի ժամանակ եպիսկոպոսները կարծիք են հայտնել, թե Հայ առաքելական եկեղեցին «խղճի եւ հասարակության ձայնն է Հայաստանում»՝ խորապես նվիրված խաղաղությանը, արդարությանը եւ հաշտեցմանը: Եկեղեցու «մարգարեական» խոսքը «երբեք ժողովրդի դեմ չէ, այլ ուղղված է նրա բարեկեցությանը եւ բոլոր մարդկանց արժանապատվությունը հարգելուն»: Ժողովին ներկա եպիսկոպոսներն ընդգծել են, որ «անհրաժեշտ է ապահովել եկեղեցու՝ իր առաքելությունը «ազատորեն եւ առանց խոչընդոտների իրականացնելու իրավունքը»:
Եպիսկոպոսներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաեւ Արցախից 2 տարի առաջ 120 000 հայերի բռնի տեղահանությանը, Ադրբեջանի՝ հայոց բնօրրանում հայկական քրիստոնեությունը շարունակական եւ համակարգված կերպով ոչնչացնելուն: Եկեղեցիները, վանքերն ու գերեզմանատները վնասվում կամ քանդվում են՝ «ջնջելու համար այն ամենը, ինչը մարդկանց հիշեցնում է հայոց ներկայության մասին»:
Հիշեցնենք, որ «Ազգի» հոկտեմբերի 24-ի համարում
անդրադարձել ենք Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհրդի՝ ՀՀ-ում հոգեւորականների դեմ (պատժիչ) գործողությունները դատապարտող հայտարարությանը, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցուն եւ Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին ուղղված կուռ համերաշխությանը:
Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) նոյեմբերի 1-ին հրապարակել է hոկտեմբեր ամսվա զեկույցը՝ ուշադրությունը բեւեռելով Նիգերիայում քրիստոնյաների հանդեպ հալածանքների, Հայաստանում հարձակումների ենթարկվող հայ առաքելական եկեղեցու վրա:
«Հայաստանի կառավարությունը խստացնում է եկեղեցու նկատմամբ հալածանքները, ձեւակերպում է ՔՀՄ կազմակերպությունն իր զեկույցում, ներկայացնելով այն փաստը, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ սուր արշավի պայմաններում ձերբակալվել են հոգեւորականներ՝ աշխարհիկ աշխատակիցների հետ միասին: Անվտանգության ուժերը խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմում՝ ձերբակալելով Մկրտիչ եպս. Պռոշյանին, նրա 12 քահանաներին եւ մի շարք եկեղեցական աշխատողների: Հաջորդ օրը բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել, բացառությամբ՝ Պռոշյան սրբազանի, Գարեգին Արսենյան անունով քահանայի եւ թեմի հաշվապահի: Այս երեք տղամարդկանց քաղաքական մեղադրանք է առաջադրվել՝ իրենց ընդդիմադիր գործունեության հետ կապված: Անվտանգության դիմակավորված գործակալները ձերբակալել են նաեւ հունիսից անազատության մեջ գտնվող Բագրատ արք. Գալստանյանի փաստաբանին: Հոկտեմբերի 3-ին մեկ այլ արքեպիսկոպոս՝ Միքայել Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ մամուլին տրված մեկնաբանությունների համար, ծանուցում է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունն իր կայքում զետեղված զեկույցում եւ շարունակում՝ «ձերբակալությունները լրացնում են Հայաստանում քաղբանտարկյալների ընդլայնվող ցանկը, որի մեջ է մտնում նաեւ Սամվել Կարապետյանը՝ ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար, որ հեռուստատեսային մի հարցազրույցում պաշտպանել է եկեղեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարաձայնություններ ունի եկեղեցու հետ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներին արձագանքելու հարցում: Եկեղեցին հրապարակավ աջակցում է ղարաբաղցի հայերին՝ իրենց բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունքն իրացնելու հարցում: Իսկ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը «փակված» է եւ վերադարձի մասին խոսակցությունները «վտանգավոր»՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայում ընթացող խաղաղության գործընթացի համար»:
ՔՀՄ կազմակերպության հոկտեմբեր ամսվա ամփոփիչ զեկույցում հիշեցում կա, որ հոկտեմբերի 11-ին իրենց փոդքասթում անդրադարձել են Արցախից բռնի տեղահանմանը, արցախցիների հայրենի տուն վերադառնալու շարունակական բուռն ցանկությանը: «Ազգի» հոկտեմբերի 17-ի համարում անդրադարձել ենք վերոհիշյալ փոդքասթին:
https://azg.am/am/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84/
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարում՝ Ավստրիայի եպիսկոպոսաց ժողովի անդամների հանդիպումը Արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Ձախից աջ՝ եպիսկոպոսներ Անբա Գաբրիելը, Տիրան Պետրոսյանը, Էմանուել Այդինը: Լուսանկարը՝ kathpress-ի:





