Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Դիմել եմ իրավապահներին. լավ եմ արել. Ալեն Սիմոնյան

Ես չէի կարող չդիմել իրավապահներին.  դիմել եմ՝ լավ եմ արել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած «վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ» իր ներկայացրած հաղորդմանը:

«Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու: Որ վրդովվում էիք, որ հանցագործությունների շարքը մեծացել է, այ նման դեպքերն արդարացնելու հետևանքն է. ես բոլորին կոչ եմ անում նման դեպքերում դիմել իրավապահներին»,- ասաց Սիմոնյանը։

 Հիշեցնենք, որ դիմակավորված անձինք այսօր վաղ առավոտյան մտել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել վերջիններիս։

Ալեն Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:

 «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի այդ՝ եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք: