Հայաստանի կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ. լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, մենք ամենօրյա աշխատանք են անում այդ ուղղությամբ: Եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որպեսզի խաղաղության հարցն էլ լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնքան ավելի հեշտ կլուծվի նաև այդ հարցը: Այսինքն՝ սա դիտանկյան խնդիր է։ Այն ընկալումը, թե մենք պետք է բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղության համաձայնագիրը, բացարձակ չէ: Դա կենդանի պրոցես է: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, խաղաղության այս կետին չէինք հասնի»,-ասել է նա:




